Логотип

Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել է։ Այս մասին Ավինյանը հայտարարեց ասուլիսում։

«Այն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես փոխանցել եմ համապատասխան մարմիններին։ Հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով»,–ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ ինքը ԱՆԻՖ–ում խորհրդի նախագահ էր, իսկ քննվող գործը խորհրդի նախագահի լիազորությունների և բուն գործունեության հետ ուղիղ կապված չէ։

Ավինյանի խոսքով` շատ կարևոր է արձանագրել և բարձրաձայնել ԱՆԻՖ ընկերության համագործակցությունը «Օրբիս» ընկերության հետ։

Նշենք, որ «Օրբիս» ընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է։

Ավինյանի խոսքով` այս համագործակցությունից Հայաստանում ստեղծվում է նոր ընկերություն, որի նպատակն էր պատրաստել «Օրբիսի» ծրագրով կիբեռանվտանգության մասնագետների, որոնք պետք է իրենց ծառայությունները մատուցեին պետական և մասնավոր ընկերությունների։

«Սա տեղի է ունենում պատերազմից հետո, 2021 թվականին, երբ բացահայտ էր, որ կիբեռանվտանգության վտանգների և սպառնալիքների առջև Հայաստանի Հանրապետությունը այդքան էլ ամուր կանգնած չէ։ Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Այս ընթացքում մեր գործընկերներից մեկը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը պարբերաբար խոսում էր ԱՆԻՖ–ի անարդյունավետությունից, վատ կառավարումից, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ–ի ամբողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն»,–ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` դրանից հետո Քերոբյանն անում է կադրային կտրուկ փոփոխություններ, որի հետևանքով բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը։

Ավինյանն ընդգծեց, որ մարդիկ պետք է պատասխան տան ամեն ինչ քանդելու համար և արդեն էական չէ, թե նպատակաուղղված են քանդել, թե ոչ։

Ավինյանն անդրադարձավ ԱՆԻՖ–ի գործով քննվաղ մեկ այլ դրվագի` փողերի լվացմանը։

«Իմ պատկերացմամբ, դա կարող է իրականացվի մի պարզ պատճառով, որովհետև CFW (Cyber Future Works) ընկերությանը, որը հիմնադրվել է ԱՆԻՖ-ի և 2 ընկերությունների կողմից, եթե չեմ սխալվում, մեկը կոչվում է «Հայք», մյուսը կոչվում է «Արարատ»։ Այս 2 ընկերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում են գրանցված «Օրբիսի» կողմից։ Այսինքն՝ 2 ընկերությունների և «Օրբիսի» կապը մեր քննչականի գործընկերները երևի չունեն, բայց առաջարկում եմ «Արմբրոկ» ԲԲԸ (հայաստանյան ներդրումային ընկերություն է) հարցում անել կամ դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, կամ նույն «Օրբիս» ընկերությանը, և այս հատվածը նույնպես պարզաբանել»,–ասաց Երևանի քաղաքապետը։

Հիշեցնենք` ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։

5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։

Sputnik Արմենիա