Логотип

Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր։ Այս մասին այսօր «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ։ Հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Ես երաշխավորում եմ` այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»,– ընդգծեց նա։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, սակայն ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։

Նա վստահեցրեց, որ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները։ Բացի այդ, քաղաքապետարանն արդեն մշակել է կենցաղային թափոնների մշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։

«Աա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Քաղաքի համար սա և՛ բնապահպանական, և՛ անվտանգային հարց է։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանն ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»,– հայտարարեց Ավինյանը։

Հրդեհի մարման համար, նրա խոսքով, արագ արձագանքել ու տեղում աշխատել են փրկարար ծառայությունը, Երևանի և վարչական շրջանների աշխատակիցները։

Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսին։

Sputnik Արմենիա