Логотип

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին`հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և նվիրումի համար։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողողությունը կայացել է Էլիս կղզում, բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի և երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։

Բժիշկ Էլթայեբին 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակ է շնորհվել, քանի որ նա, ինչպես մյուս բոլոր մրցանակակիրները, իրենց կյանքն են վտանգել ուրիշներին փրկելու համար։

«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, և որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին։ «Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին և սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարևոր են։ Մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»,- մրցանակը ստանալու ժամանակ ասել է բժիշկ Էլթայեբը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանն էլ ընդգծել է, որ մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել։ Աֆեյանի խոսքով՝ բժիշկ Էլթայեբը հիշեցնում է այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, և յուրաքանչյուրն ունի այն պահպանելու պարտավորություն։

Մրցանակի շնորհման արարողության ժամանակ արժանին է մատուցվել նաև 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնային և բժիշկ Ջիլ Սիմանին։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև բարերարներ Գրասա Մաշելին, Մայքլ Միլքենին, Դեյվիդ Ռուբենսթայնին և Հենրիետա Հ. Ֆորին, որոնք մարմնավորում են «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» հիմնարար սկզբունքը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն այս տարի նշում է գործունեության տասնամյակը, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Նախաձեռնության համահիմնադիրներից է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը 2023թ–ից Բաքվի բանտում է։

Sputnik Արմենիա