«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին ատոմային ոլորտում համալիր համագործակցություն է առաջարկում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի միջուկային պետական կորպորացիայի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։
««Ռոսատոմ» պետկորպորացիան հայ գործընկերներին առաջարկում է համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում և հարակից նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո կայանը կանգնեցվել է միայն 1989 թվականի մարտին, իսկ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը:
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
