Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։
Ռուբինյանը հետաքրքրվում էր` ի վերջո ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ մենք նոր ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ԱՄՆ–ի հետ համագործակցությանը` Փաշինյանն ասաց, որ դեռ կտեսնեն՝ Հայաստանն ինչպես է շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։
«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և, իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան պաշտոնական այցից հետո ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերության խորացման հետագա ճանապարհային քարտեզին և «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետներին` Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ–ին կփոխանցի «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ իր դիտարկումները։
«Համաձայնագրի նախագիծը հիմնված կլինի երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված շրջանակային փաստաթղթի վրա»,– նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։
Sputnik Արմենիա
