Логотип

Արաբկիրի թաղապետ․ Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է

«Կանազ»-ի շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածելու հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցելու։

«Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է շենքը վերածվի հյուրանոցի կամ բնակելի շենքի, այս վարկածներն ընդունելի՞ են, ցանկանո՞ւմ եք նման ծրագրով շարունակել, Վարոսյանն արձագանքեց․

«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում: Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել։ Փրկարար ծառայության հետ, որ զրուցում էինք, պարզ դարձավ, որ ճարտարապետական տեսքը պահպանելը միանշանակ հնարավոր է, իսկ վերակառուցումը կլինի հենց ճարտարապետական տեսքի պահպանման համար»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացվել էր:

News.am