Արագածոտնի թեմի առաջնորդարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններն ավարտվել են։ Քիչ առաջ իրավապահները դուրս եկան Առաջնորդարանի շենքից։ Նրանք առգրավել են արկղերով փաստաթղթեր, համակարգիչ։
Բացի այդ, իրավապահների հետ մեքենա նստեց առաջնորդարանի մեկ աշխատակից։ Իրավապահները չպարզաբանեցին, թե ուր են տանում այդ աշխատակցին, նաև չպատասխանեցին, թե ինչ են առգրավել։
Նշենք, որ քննչական գործողությունների իրականացման համար կանչել էին նաև փրկարարներ, որոնք երկաթյա ինչ–որ պահարան էին փորձում բացել, հավանաբար, սեյֆ էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգևորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։