Логотип

Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով․ նա ձերբակալված է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՔԿ–ից հայտնում են, որ երկու տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Նշվում է, որ Հ.Պ.-ի (Մկրտիչ (ավազանի անունը՝ Հայկ Պռոշյան, խմբ․) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)։

Թեմի առաջնորդից բացի, ևս 2 անձի նկատմամբ է հանրային քրեական հետապնդում հարուցվել՝ Ա.Ա–ի և Ն.Ա–ի։ Նրանք ձերբակալվել են.։ ՔԿ–ի հաղորդագրությունից պարզ չէ՝ ձերբակալվածները քահանաներ են, թե առաջնորդարանի աշխատակիցներ։

Նշվում է, որ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը), Ն.Ա.-ի նկատմամբ՝ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)

Ավելի վաղ Մայր աթոռը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ թեմի առաջնորդից բացի, բերման են ենթարկվել 12 քահանաներ, ինչպես նաև առաջնորդարանի մի քանի աշխատակիցներ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երկու ձերբակալվածներից մեկը Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանն է, մյուսը՝ առաջնորդարանի գլխավոր հաշվապահը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգևորականները բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։