Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
Ավելի վաղ պաշտպանը տեղեկացրել էր, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ բողոք են ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։
«Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց, և նրա նկատմամբ կիրառվեց 2 ամսով տնային կալանք»,– ասաց նա։
Փաստաբանն ընդգծեց` ամեն ինչ անելու են արդարացման վճռի հասնելու համար, որովհետև ոչ մի փաստ չկա նրան մեղսագրվող արարքներն ապացուցելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էր դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։
