Արագածոտնի թեմի քահանաների փաստաբանների աշխատանքին խոչընդոտելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Փաստաբաններից մի քանիսը ժամեր ժարունակ չէին կարողանում պարզել իրենց վստահորդների գտնվելու վայրն ու հանդիպել նրանց, իրավաբանական օգնություն տրամադրել։
Փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով փաստաբան Արա Զոհրաբյանը հաղորդում էր ներկայացրել: Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքը` հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր` Տաթևիկ Մուրադյան) բավարարել է ներկայացված բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել իր հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ։
«Երկու գործընկերային խորհուրդ մեր քննիչներին, դատախազներին և դատավորներին՝
1) վերադասի հրահանգներն ինքնամոռաց կատարելուց առաջ մտածեք, որ ամեն ինչ ժամանակավոր է և գալու է օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը, իսկ եկեղեցու հարցով, հավատացեք, որ ծանր պատասխան եք տալու։
2) եթե չեք կողմնորոշվում` ինչ անել (մի կողմից հրահանգն է, մյուս կողմից՝ սեփական խիղճը), ապա ղեկավարվեք բացառապես օրենքով»,- հավելում է Զոհրաբյանը։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել էր Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Sputnik Արմենիա
