Логотип

Արագածոտնի թեմ․ Այս ամենն իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է

Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի Թեմ-ը:

«Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան:

Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։

Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար»:

News.am