Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքի ճանաչումն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողության համար։
«Մենք երբեք չենք կարող համաձայնել ուրանի զրոյական հարստացմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է կենտրոնանալ այն քննարկումների վրա, որոնք թույլ են տալիս ուրանի հարստացում Իրանի տարածքում՝ միաժամանակ ամրապնդելով վստահությունը, որ հարստացումն օգտագործվում է և կօգտագործվի խաղաղ նպատակներով»,- Արաղչիի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Իրանի ձգտումն ուրանի հարստացման հարցում հիմնված է «անկախության և արժանապատվության ձգտման» վրա։
«Ոչ ոք իրավունք չունի իրանցի ժողովրդին թելադրել, թե ինչ պետք է ունենա, իսկ ինչ՝ ոչ»,- ընդգծել է նախարարը։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը երբևէ չի ներառվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման օրը և վայրը կորոշվեն Օմանի հետ խորհրդակցությունների ընթացքում։
Reuters-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրի, հայտնել է, որ Թեհրանը բաց է ուրանի հարստացման մակարդակի, ինչպես նաև այլ պայմանավորվածությունների քննարկման համար պայմանով, որ Իրանին թույլատրվի հարստացում իրականացնել իր տարածքում, մեղմացվեն պատժամիջոցները և իրականացվի ռազմական լարվածության նվազեցում։
Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային բողոքների ֆոնին, որոնք պայմանավորված էին ազգային արժույթի կտրուկ արժեզրկմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանի դեմ հարված հասցնելու հնարավորության մասին, սակայն փետրվարի 1-ին հայտնել էր համաձայնության հասնելու հույսի մասին՝ միաժամանակ հիշատակելով երկրի ափերի մոտ ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը։
Թեհրանն, իր հերթին, զգուշացրել էր, որ ցանկացած ռազմական գործողություն կդիտարկի որպես լիակատար հակամարտության սկիզբ, իսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին։ Փետրվարի 7-ին ԱՄՆ-ն և Իրանը Մասկատում անցկացրել էին անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ։
Armenia Today
