Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կամ ուղղություն ցույց տալու կարիքը չունի, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Անթիլիասն ինքն է ճշտում իր ասելիքն ու անելիքը՝ միշտ ելնելով մեր ժողովրդի ու հայրենիքի ընդհանրական ու գերագույն շահերից, արժեքներից ու իդեալներից»,- շեշտել է նա։
Արամ Ա-ն նշել է, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր, Հայաստանին բաժին հասած ներքին ու արտաքին ճգնաժամերի և բևեռացումների նկատմամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետն ու կեցվածքը միշտ հստակ ու հետևողական էին։
Հոկտեմբերի 21-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու շրջանակներում անհանգստություն կա այն առիթով, որ Արամ Ա-ն, կարծես, բավարար ջանքեր չի գործադրում՝ կանխելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները։ Նշվել էր, որ Կիլիկիո Տան կաթողիկոսությունը որոշ չափով հեռու է մնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ «իրականացրած ռեպրեսիաների դեմ պայքարից՝ կողմերի միջև գոյություն ունեցող երկարամյա անհամաձայնությունների պատճառով»։
Այս պահին կալանքի տակ են Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ազատազրկման է դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Հոկտեմբերի 16-ին Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի՝ Հայաստան կատարած այցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանի հետ նրա հանդիպման ժամանակ քննարկվել էին եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Արամ Ա-ի անունից Սարգիսյանն իր մտահոգությունն էր հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եկեղեցու և պետության միջև համագործակցության կարևորությունը:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվել, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ խոսել է ՀԱԵ շուրջ իրավիճակի մասին, հայտնել էին, որ նա նվիրել է Արամ Ա-ի հատորը և Փաշինյանին փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ էր արել Սարգիսյանի և Փաշինյանի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել»՝ մանրամասնելով, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել եկեղեցու դեմ ճնշումների հարցը:
Armenia Today
