Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խստորեն դատապարտել է հայ հոգևորականների ձերբակալությունը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
«Շուտափույթ պետք է վերջ դրվի պետություն-եկեղեցի ներկա վատառողջ վիճակին։ Մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների՝ պետության և եկեղեցու հարաբերությունը լինի սերտ և ամուր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կաթողիկոսը մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին հանձնարարել է իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցել քաղաքական ու պետական պատասխանատուներին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կաթողիկոսությունից մանրամասնել են, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել ներկա կացության մասին և շեշտել պետություն-եկեղեցի գործակցության կարևորությունը։ Միաժամանակ՝ նա բարձրացրել է հոգևորականների ձերբակալության և այդ առումով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականի հարցը։
Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ Շահան սրբազանը Փաշինյանին էր նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը և նրան փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ էր արել Սարգիսյանի և Փաշինյանի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել»։
Armenia Today