Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին Sputniik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նշենք` Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Տեր Արամի այս հայտարարության մեջ հանցագործության տարր են տեսել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն և իշխանամետ «Araratnews» կայքը` տեր Արամի հայտարարություններն ուղարկելով դատախազություն։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Բերման ենթարկված հոգևորականներից 3–ի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ Այս պահի դրությամբ կալանքի որոշում է կայացվել նրանցից 2–ի նկատմամբ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։
Հավելենք, որ Արամ քահանա Ասատրյանը լրագրողներին ասել էր` անձամբ ինքը հաղորդում չի տվել դատախազություն, սակայն կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվի։