ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից խոսել է Բաքվում մինչ օրս պահվող 19 հայերի մասին։
Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հանձնառությանը։
Նրա խոսքով՝ կառավարությունների միջև ստորագրված և նախապատրաստվող համաձայնագրերից բացի նաև «սերմեր են տնկվում երկու հասարակությունների միջև անկեղծ երկխոսության և վստահության հաստատման համար»։
«Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռ պետք է լուծվեն և անցյալի վերքերը բուժվեն, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ճանապարհը։ Սա, իհարկե, դժվար ջանք է, երբ 19 հայ ձերբակալվածներ դեռ պահվում են Բաքվում, և երբ դեռ կարիք կա լույս սփռելու անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի վրա, ինչպես նաև աղավաղված պատմական հռետորաբանության տարածման պայմաններում»,- նշեց ԱԳ նախարարը։
Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հաստատման և դրա ինստիտուցիոնալացման ճանապարհին՝ գիտակցելով, որ նման միջավայրը կնպաստի հակամարտության հետևանքով առկա խնդիրների ավելի արագ և արդյունավետ կարգավորմանը։
Sputnik Արմենիա
