Логотип

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը կարող է ազատազրկվել 7 տարով

ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ լրացուցիչ դատալսման ժամանակ մեղադրող դատախազը առավելագույն պատժաչափ նշանակեց 7 տարի ժամկետով՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։

Ավելի վաղ դատավորը մեղադրական վերդիկտ էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ ընդունված խմբ․) 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։

Պաշտպանական կողմը մի շարք փաստեր հրապարակեց Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը խնդրեց դատարանին Թորգոմ Ասատրյանի նկատմամբ նշանակել պատժի նվազագույն չափ՝ 3 տարի ազատազրկում, իսկ չկրած մասը փոխարինվի փորձաշրջանով՝ համապատասխան ժամկետով։

Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին։

Հավելենք, որ Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է 2023թ․ փետրվարից, այսինքն՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2,5 տարի անց։ Այսպիսով Ասատրյանն անազատության մեջ շուրջ 3 տարի է անցկացրել։

Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։

ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:

Sputnik Արմենիա