Логотип

Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը

Տիգրան Պասկևիչյանի Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը որևէ ձևաչափով չի ցուցադրվի։ Դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը, գրում է «Սիվիլնեթը»։

«Իրենք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ֆիլմի հեղինակ Պասկևիչյանը։

Հայցվորը պահանջում է «արգելել ֆիլմի տարածումը, բնօրինակները վարձույթով տալը, բնօրինակի կամ օրինակների փոփոխությունը, թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հաղորդումը մալուխով, հեռարձակումը և վերահեռարձակումը»։

«Ասում են՝ մենք փող ենք տվել, մենք էլ առել ենք։ Ես էլ դատարանում ասում էի՝ եթե Հանրայն հեռուստաընկերության փոխարեն որևէ մասնավոր հեռուստաընկերություն լիներ, ես միանգամից կընդունեի իմ սխալը և կասեի հաջողություն, կարող եք դատը չշարունակել»,- նշում է ռեժիսորը։

Հանրայինի հայցի հիմքում եղել է 2025-ի մայիսի 2-ին ֆիլմի ցուցադրությունը

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում. «Ես պատասխան նամակում գրել եմ, որ ոչ միայն մայիսի 2-ին եմ ցուցադրել, այլ շատ անգամներ»։

Ավելի վաղ հեղինակը Հանրային հեռուստաընկերությանն ուղղված նամակում ֆիլմը այլ հարթակներում ցուցադրելու հնարավորություն էր խնդրել։ Պատասխան չէր ստացել։

Պասկևիչյանի խոսքով՝ անկախ գրաքննությունից՝ նոր ցուցադրություններ լինելու են։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այս առնչությամբ պարզաբանում կհրապարակեն։ Խորհրդի անդամ Արա Շիրինյանի հետ կապվել չհաջողվեց։

Սա Տիգրան Պասկևիչյանի առաջին ֆիլմը չէ, որի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջանում։

Նրա «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը 2008-ի մարտի 1-ի բռնությունների և դրան նախորդած շրջանի իրադարձությունների մասին է։

«Այն տարիներին հնարավոր չէր վարձել լուրջ դահլիճներ».- ասում է Պասկևիչյանը։ Նրա խոսքով՝ թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի, թե՛ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ խնդիրը եղել է։ «Բոլորի օրոք ինչ-որ բան արգելվել է, բայց որ ցույց չտան ու հասնեն նրան, որ դու ինքդ իրավունք չունենաս ցուցադրելու, ստորության ամենավերին աստիճանն է»։

Անկախության հռչակագիրը՝ Հայաստանի իշխանությունների թիրախում

Հայաստանի անկախության հռչակագիրը վերջին մեկ տարում դարձել է ներքաղաքական և անգամ արտաքին քաղաքական թեմա։ 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված հռչակագիրը հղում է անում Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միավորման մասին փաստաթղթին։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին։ Ադրբեջանը այդ դրույթը համարում է ոտնձգություն իր տարածքային ամբողջականության նկատմամբ և Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրության այդ դրույթը և խաղաղության հաստատումը պայմանավորում է նաև դրանով՝ ի շարս Հայաստանի հանդեպ առաջ քաշվող այլ նախապայմանների։ Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Նոր Սահմանադրության նախագիծը, որը իշխանությունները խոստանում են հանրաքվեի դնել հունիսի 7-ի ընտրություններից հետո, այլևս հղում չի պարունակում Անկախության հռչակագրին։
Հայաստանի իշխանությունները խուսափում են ասել, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում Ադրբեջանի պահանջով։

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»։

«Եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո Անկախության հռչակագրի հիմքում, դու անհնար ես դարձնում մի բան՝ քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը, և ում օգնությամբ պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում նրանից, ով ուզում է լինի»,- ասել էր նա։

News.am