Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԹՈՂԱՐԿԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼԻ՝ 600 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

Նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ին, Արդշինբանկը թողարկեց աննախադեպ ծավալի՝ 600 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6,6%, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆինանսական ոլորտի համար սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկը եղել է 2.1 մլրդ դոլարից ավելի:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր: Պարտատոմսերի թողարկման ժամանակ պահանջարկը գերազանցել է 2.1 մլրդ դոլարը: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ բանկի թափանցիկության աստիճանը, ռիսկերի մակարդակն ու բիզնես վարելու ռազմավարությունն ընդունելի են միջազգային ներդրողների համար ու համապատասխանում են միջազգայնորեն ընդունելի բոլոր ստանդարտներին:

Նոր՝ 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս մատչելի պայմաններով երկարաժամկետ ներդրումային միջոցներ առաջարկել ոչ միայն Հայաստանի տնտեսության առանցքային ընկերություններ հանդիսացող հաճախորդներին, այլև բնակչությանը:

Մեկնաբանելով իրադարձությունը` Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշում է. «Սա Արդշինբանկի եվրոպարտատոմսերի չորրորդ թողարկումն է, և այն դարձել է ամենամեծը ոչ միայն թողարկման տեսանկյունից, այլև Հայաստանի ժամանակակից պատմության մեջ: Մենք լիովին գիտակցում և կրում ենք միջազգային շուկաներում մեր երկիրը ներկայացնելու պատասխանատվությունը որպես տնտեսության շարժիչ ուժ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք մեր հաճախորդների կողքին ենք՝ աջակցելով նրանց բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև մշտապես լինելով երկրում իրականացվող խոշոր և մասշտաբային բիզնես ծրագրերի ֆինանսավորողը:»

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 570,000 հաճախորդ, որոնց սպասարկում է բանկի 2,300-ից ավելի աշխատակից։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: