Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՎԶԵԲ-Ի ՀԵՏ ԿՆՔԵՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 155 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ս․ թ․ նոյեմբերի 26-ին Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը նոր համագործակցության շրջանակներում ստորագրեցին թվով 3 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման չափով` ուղղված երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։

ԱՅՍ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ «EU4BUSINESSEBRD» ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Արդշինբանկը կդառնա Հայաստանի առաջին բանկը, որը կստանա հատուկ նպատակային վարկ՝ ուղղված բացառապես տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը։ Վարկը նպատակ ունի կատարելագործել ֆինանսական հասանելիությունը տեղական ՄՓՁ-ների համար, որոնք պատկանում են փախստականներին կամ ստեղծում են աշխատատեղեր փախստականների համար։ Ծրագիրը ներառում է նաև վարկի գումարի մինչև 35%-ի չափով հետվճարի (cashback) դրամաշնորհ՝ ճկուն և հասանելի պայմաններով։

Միանալով ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրին՝ Բանկը ստացված միջոցները կուղղի տնտեսության ամենաարդի ոլորտներից մեկի՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորմանը՝ միտված կլիմայական փոփոխությունների մարտահրավերների նվազեցմանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից և էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը: Այս ծրագրի շրջանակում վարկառուները ևս կօգտվեն դրամաշնորհի հնարավորությունից։

«ՎԶԵԲ-ի հետ մեր ամուր, երկարամյա համագործացությունը վկայում է տնտեսության կարևորագույն ոլորտների զարգացմանը՝ միտված ռազմավարական ընդհանուր տեսլականի և փոխվստահության մասին։ Այս վարկային միջոցները կնպաստեն Բանկի ֆինանսական ծառայությունների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև մեր հաճախորդների աճող և փոփոխվող պահանջներին համահունչ դիրքավորմանը», – իր խոսքում նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։

ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին մեջբերեց. «Արդշինբանկի հետ այս նոր ֆինանսավորումը Հայաստանի ՄՓՄՁ-ներին մեր երկարամյա աջակցության շարունակությունն է՝ ուղղված նոր ներդրումների աճին և արդիականացմանը։ Նաև առաջին անգամ է նախատեսվում բացառապես փախստականներին նպատակային աջակցություն նախատեսող բաղադրիչը, որը հնարավորություն է տալու տեղահանված անձանց և իրենց կազմակերպություններին օգտվել ճկուն հնարավորություններից՝ նպաստելով առավել կայուն և ներառական մասնավոր հատվածի ձևավորմանը»։

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, նշեց. «Արդշինբանկի և ՎԶԵԲ-ի հետ այս համագործակցության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի կայուն և ներառական զարգացմանն ուղղված իր առաքելությունը։ Այս ֆինանսական փաթեթը կարևոր է հայկական բիզնեսի մրցունակության բարձրացման և բոլոր քաղաքացիների համար հավասար պայմանների ստեղծման տեսանկյունից»։

Արդշինբանկը ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերն է։ Բանկը ֆինանսական համակարգի առաջատարի դիրքով, մասնաճյուղային ամենամեծ ցանցով և մոտ 580,000 հաճախորդների բազայով շարունակում է իրականացնել կարևորագույն դերակատարում՝ մասնավոր հատվածի զարգացման գործում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:

Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: