Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները, Առաջին ալիքի եթերում հայտարարել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, որը հյուրընկալել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին:
Գիլոյանը նշել է՝ պարզ չէ, Ալեքսանյանը կշարունակի՞ մրցելույթները, թե՞ ոչ, ամեն դեպքում՝ այս տարի դադար է վերցրել։ Բաբալարյանն էլ ընդգծել է, որ Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը, իսկ Եվրոպայի առաջնությունում նրա փոխարեն 97 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Հայկ Խլոյանը։
«Ալեքսանյանը թե՛ խորհուրդներով, թե՛ մարզումային գործընթացում օգնում է տղաներին։ Այս պահին բուժումներ է ստանում»,- նշել է մարզիչը` ըմբիշի վերադարձի կոնկրետ ժամկետներ չնշելով։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հստակեցրել է, որ Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:
«Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,- ընգծել են ֆեդերացիայից։
Ալեքսանյանը 2025 թվականի ապրիլին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում վնասվածքի պատճառով մրցագորգ դուրս չէր եկել։ Բաբալարյանն այդ ժամանակ հորդորել էր չքննադատել մարզիկին։
Մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարզաշխարհը՝ հանուն առողջ սերնդի» նախաձեռնությունը, որի թմրամոլության դեմ պայքարի ծրագրի ղեկավար էր նշանակվել Ալեքսանյանը։
Armenia Today
