Логотип

Արթուր Չախոյան․ Տիգրան Ավինյանը հողի գող է

Հաղորդում եմ ներկայացնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն: ԶԼՄ-ներով հրապարակված առևերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է բլոգեր Արթուր Չախոյանը՝ հավելելով, որ ինքը փաստեր կներկայացնի, ոչ թե պարզապես հայտարարություններ է անելու։

«Մոտ երկու ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և ապօրինի հողազավթման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ պատրաստվում է դատի տալ ու չակերտավոր ասած՝ իրենք հաստատել են, որ կա ապօրինություն:

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ, հրապարակային հայտարարում եմ՝ իր հայտարարության և անգործության համար Տիգրան Ավինյանը հողի գող է»,-նշեց նա:

«Գյուղմթերքի շուկա է։ Երբ 2024 թվականին դեռ նոր էին սկսվել շինարարական աշխատանքները, ես գրավոր դիմումով քաղաքապետարան եմ դիմել ու հարցրել եմ՝ շինթույլտվություն ունե՞ն, թե՞ ոչ։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ Մեկ տարի անց, երբ շուկան արդեն կառուցվել է, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց թույլտվության։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկություն է տրամադրել, որ ես հաղորդում չներկայացնեմ ու շինարարությունը չդադարի»,– ասաց Չախոյանը։

Այնուհետև Չախոյանը միացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի ձայնագրությունը, որտեղ նա նշում է, որ քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը։

Նա նաև մեջբերեց քաղաքապետի այն հայտարարությունը, որ երբ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շենք-շինության համար դիմում են օրինականացման, և քաղաքապետարանը մերժում է, զուգահեռ ընդունվում է նաև քանդման որոշում. «Ըստ Ավինյանի՝ 7 անգամ դիմել են, ու իրենք մերժել են, բայց մինչ օրս քանդման որոշում չի կայացվել»,– նկատեց Արթուր Չախոյանը։

Ի դեպ, Չախոյանը հիշեցրեց, որ Գյումրի համայնքի ղեկավարին ձերբակալել են այն նույն հիմքով, ինչ հիմքով ինքը հաղորդում է ներկայացրել Ավինյանի դեմ։ «Տարբերությունն այն է, որ մեկն ընդդիմադիր է, մյուսը՝ ՔՊ-ի սրտի քաղաքապետը»,-ասաց նա։

Նշենք, որ Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երևան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ՝ պաշտոնական սուտ և կեղծ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։

News.am