«Վաղարշապատի ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Վաղարշապատի պատվավոր քաղաքացի, պատվարժան ու հայրենասեր հայ Խաչիկ Վաչագանի Մանուկյանը։ «Հայրենիք»-ը վաղարշապատցիներին ներկայացրել է իրական ընտրության հնարավորություն»,-քարոզարշավի մեկնարկին վաղարշապատցիների, հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպմանը թեկնածուին այսպես ներկայացրեց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
Ի պատասխան հնչեցին երկարատև ծափահարություններ։
Հոգևոր մայրաքաղաքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ղեկավարած կուսակցությունը հանդես կգա «Վաղարշապատ, իմ հայրենիք» կարգախոսով։
«Վաղարշապատի ընտրություններում մենք ներկայացրել ենք մի թեկնածուի, որն ունի անբասիր կենսագրություն, Մարդ, բառիս բուն իմաստով, մարդն, որն իր ապրած կյանքով ապացուցել է, որ երկրի, պետության, հայրենիքի շահից առավել ոչինչ չկա»,-իր խոսքում ասաց Ա. Վանեցյանը։
Կուսակցության նախագահը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Մանուկյանին այս պատասխանատվությունը ստանձնելու համար։ Ընտրողներին դիմելով՝ նա խնդրեց նոյեմբերի 16-ին առաջնորդվել մի սկզբունքով՝ ընտրություն կատարել ի շահ մեր պետության ու մեր ազգի։
«Սա ընտրություն է լինելու մեր ինքնության պահպանման համար, մեր հավատքի պահպանության համար, մեր վաղվա ապագայի, մեր երեխաների համար։ Վաղարշապատում է որոշվելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Ա. Վանեցյանը։
Ի աջակցություն Խաչիկ Մանուկյանի համայնքի բնակիչների հետ հանդիպման են եկել նաև տարբեր կուսակցությունների առաջնորդներ ու ներկայացուցիչներ։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց՝ Մանուկյանին վաղուց է ճանաչում։
«Մեծ պատիվ կլինի, որ Խաչիկ Մանուկյանն իր մտավոր ունակությունները ծառայեցնի հոգևոր մայրաքաղաքի հանրային կյանքին»,-ասաց գործիչն ու ավելացրեց, որ բազմաթիվ գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել Մանուկյանին։
Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանն էլ նշեց, Խաչիկ Մանուկյանն առավել հայտնի է որպես ամենամարտնչող բանաստեղծ։
«Այս պահին մենք ոչ միայն պաշտպանում ենք ոչ միայն թեկնածուին, այլև մեր արժեքային համակարգը կրող մարդու, որն իսկապես պայքարում է հայոց ինքնության, հայապահպանության համար»,-ասաց Ա. Սարգսյանը՝ ավելացնելով, որ «Միասին» շարժումն անվերապահ պաշտպանելու է Մանուկյանին ու նրա թիմակիցներին։
«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանն էլ ընդգծեց, եթե Վաղարշապատի բնակիչները ցանկանում են փոփոխություններ, ապա պետք է քվեարկեն «Հայրենիք»-ի օգտին։
«Մենք տեր ենք կանգնելու ամեն քվեին։ Ուզո՞ւմ եք փոփոխություններ, սիրելի վաղարշապատցիներ, դուրս եկեք, գնացեք ընտրատեղամաս, ընտրեղ «Հայրենիք» կուսակցությանը, համար 8»,-ասաց նա։
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր խոսքում ասաց, պայքար է եկեղեցապաշտների ու եկեղեցին ատողների միջև։
«Չեմ ուզում պատկերացնել, որ կարող են ձայն տալ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարող ուժին։ Վանեցյանն այստեղ ընտրեց գիտնականին, գիտության մարդուն»,-ասաց Պետրոսյանը։
