Логотип

ԱՐԻ ՈՒ ՏԵՍ, ՈՐ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ԱՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸ

Մեզանում պարբերաբար կրկնվում է, կներեք՝ մի անհեթեթություն, թե աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Արցախն անկախ, չի ճանաչել Ադրբեջանի կազմից դուրս:

Այդ մեխանիկական կրկնության աղբյուրն իհարկե իշխանական քարոզչությունն է, որն ունի իր հաշվարկն ու մոտիվը: Թե ինչ մոտիվ ունեն կրկնողները, սա այլ հարց է, գուցե ամեն մի դեպքում՝ առանձին հարց:

Ինչպես կարող էր որևէ երկիր ճանաչել Արցախն անկախ կամ Ադրբեջանի կազմից դուրս, եթե այդ հարցի առնչությամբ կար միջազգային մանդատի ներքո իրականացվող կարգավորման խաղաղ գործընթաց: Այդ գործընթացի պարագայում, գնալ ճանաչման, նշանակում էր գնալ այդ գործընթացի դեմ: Օրինակ, հենց այդ պատճառաբանությամբ է նաև, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ասելով, որ այդ դեպքում կնշանակեր մարտահրավեր նետել խաղաղ կարգավորման միջազգային մանդատին:

Կրկնեմ, դա ոչ թե այն պատճառով, որ այդ մանդատը բացառում էր անկախության ճանաչումը, այլ որովհետև այդ մանդատը ենթադրում էր կարգավորման որևէ տարբերակի՝ բացառապես խաղաղ և ոխադարձաբար, բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակ, որ այդ տարբերակին համաձայն լինեին բոլոր կողմերը: Կհամաձայներ Ադրբեջանը անկախությանը, թե ոչ, սա արդեն հարցի մյուս կողմն է: Նույն հարցի մեկ այլ կողմ էլ այն է, թե արդյո՞ք Հայաստանը կհամաձայներ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն:

Բայց, հենց այս անհամաձայնություններով է, որ պայմանավորված էր կոնֆլիկտը, այն կարգավորելու միջազգային խաղաղ գործընթացը և լուծումների փնտրտուքը:

Հիմա, եթե այդ ընթացքում որևէ պետություն ճանաչեր Արցախի անկախությունը, կնշանակեր, որ այդ պետությունը ձեռնոց է նետում խաղաղ կարգավորման միջազգային մանդատին: Բնական է, որ ոչ մի պետություն չուներ դրանից որևէ շահ, հետևաբար չէր ճանաչելու անկախություն, առնվազն քանի դեռ կար հակամարտության կարգավորման խաղաղ գործընթաց ու փոխզիջումային կարգավորման փնտրտուք՝ միջազգային մանդատի ներքո:

Թվում է, որ սա շատ պարզ մի բան է, որ պետք է մեզանում չունենար հավելյալ բացատրությունների կամ հասկացվելու բարդություն, բայց, արի ու տես, որ պարզունակ պրոպագանդան անում է իր գործը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան

Verelq.am