Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության և այլ միջազգային ճանաչում ստացած ցեղասպանությունների հերքման և նսեմացման համար նախատեսվող պատասխանատվությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նշեց, որ գործող օրենսդրությամբ ցեղասպանության հերքումը քրեականացվում է միայն այն դեպքում, եթե արարքը կատարվել է ռասայական կամ ազգային պատկանելիության հիմքով ատելություն կամ բռնություն հրահրելու նպատակով։
«Գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, երբ անձինք, հերքելով ցեղասպանության փաստը, ըստ էության՝ անուղղակի կերպով փորձում են նսեմացնել այդ հանցավոր արարքը կամ զոհին մեղավոր ներկայացնել հանցագործի փոխարեն։ Սակայն գործող կարգավորումները, ցավոք, չեն ապահովում այդպիսի մարդկանց պատասխանատվության ենթարկելը»,- ընդգծեց Մինասյանը։
Մինասյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու հանձնառությունը, և այս փոփոխությունները բխում են ազգային ինքնության և պետականության պաշտպանության շահերից։
Նախագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանության կամ նմանատիպ հանցագործությունների հերքումը, մեղմացումը, հավանության տալը կամ արդարացնելը կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ մինչև 4 տարի ժամկետով։ Եթե արարքը կատարվի ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության հիմքով ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, ապա նախատեսվում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով։ Իսկ եթե այն իրականացվի զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կկիրառվի առավել խիստ պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում և մինչև 5 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։