Логотип

Արկադի ՄԵՀՐԱԲՅԱՆ․ ԵԹԵ ՔՆԻ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ, ԱՊԱ ԱՅՆ ՈՐՈՇԱԿԻ ՀՈԳԵԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՄՈՏ

Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը մեկնարկեցին ժամը 08:15-ին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանն այդ որոշումը հիմնավորելիս հայտարարել է. «Նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին»։

Շուտ արթնանալն ինչպես կազդի դպրոցականների հոգեկան աշխարհի վրա և արդյոք 15 րոպե շուտ դպրոց գնալը մայրաքաղաքում կլուծի խցանումների հարցը։ Վերոնշյալ հարցերի շուրջ մասնագիտական դիրքորոշումը պարզելու համար Panorama.am-ը դիմեց հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանին։

– Շուտ արթնանալը, որպես այդպիսին, չի կարող պրոբլեմներ ստեղծել երեխաների մոտ։ Մեծերի մոտ կարող է նման պրոբլեմ լինել։ Երեխաները շուտ ադապտացվող են և շուտ արթնանալը միայն ողջունելի է։ Ուղղակի 15 րոպեի իմաստը հասկանալի չէ, թե ինչ պետք է փոխի։

Սակայն շուտ արթնանալը, եթե կարող է քնի խանգարում առաջացնել, երբ ուշ են քնում և շուտ արթնանում և քնի դեֆիցիտ է առաջացնում՝ խնդիր է։ Եթե մարդը շուտ է քնում շուտ արթնանում ոչ մի խնդիր չի կարող առաջացնել, առավել ևս՝ 15 րոպեն։ Եթե քնի մշտական խնդիր կարող է առաջացնել, ապա ռեժիմի խնդիր է և այն պետք է կարգավորեն, որ ավելի շուտ քնեն և արթնանան։ Եթե երեխան պետք է ուշ քնի և շուտ արթնանա, բնականաբար քնի դեֆիցիտ է առաջանալու, միայն այդ դեպքում կարող է հոգեբանական խնդիր առաջանալ՝ հոգնածություն, սթրես, անկայունություն։

Գիտությունն ասում է, որ ակտիվության հորմոններն առավոտյան, եթե ճիշտ եմ հիշում, ժամը 5-ից սկսած են ակտիվանում սովորելու, ուղեղի համար պիտանի, ստեղծագործելու համար։ Այն ամենալավ ժամանակահատվածն է՝ մինչև 13.00-ն։

Եթե քնի դեֆիցիտ կա, ապա այն որոշակի լարվածություն կառաջացնի, բայց ոչ թե, որ շուտ է արթնացել, դրա համար, այլ, որ ուշ է քնել։ Երեխաների համար հեշտ է ռեժիմ փոխելը, քանի որ դեռ աճող օրգանիզմ է իրենց ադապտացիոն կարողականությունն շատ ավելի մեծ է։

Ես չունեմ գիտական բացատրություն, որ շուտ արթնանալը կարող է երեխաների մոտ խոգեբանական խնդիրների հանգեցնել։

Ինչպե՞ս կգնահատեք հնչած հիմնավորումը, թե 15 րոպե շուտ սկսեն դասերը, որպեսզի խուսափեն խցանումներից։

– Եթե այնպես են ուզում անել, որ աշխատանքի գնացող մեծահասակների և դպրոցականների հոսքը կարգավորեն, ապա չեմ կարծում, որ այդ 15 րոպեն այդպիսի կարգավորումների բերեն, որովհետև, իմ դիտարկմամբ, խցանումները տևում են 1.5-2 ժամ։ Առավոտյան 8-10-ը ընկած հատվածում 15 րոպե այս կամ այն կողմը ռեալ ազդեցություն կունենան, թե ոչ, դժվար է ասել։ Խցանումների պատճառը լոգիստիկան չկառավարելու հետևանք է, թող կարգավորումներն ավելի լավ անեն, որ խցանումներ չառաջանան։ Մեքենաների քանակն այնքան շատ է, որ 15 րոպե այս կողմ, այն կողմը բան չի փոխելու, միևնույնն է՝ խցանում լինելու է, այդ դեպքում պետք է գոնե 1 ժամ լինի հոսքերի տարբերությունը, ոչ թե 15 րոպե։ Առավել ևս, որ ծնողը միաժամանակ երկու բան է անում՝ երեխային տանում է դպրոց և գնում է աշխատանքի։ Այդ շրջանը ծնողն անելու է և այդ 15 րոպեն էական փոփոխոթյուն չի բերի, միևնույնն է՝ նա լինելու է ճանապարհին և այդ ժամանակահատվածում մեքենայով զբաղեցնելու է այն։ Նաև պետք է նշեմ, որ կա նաև երրորդ հոսքը՝ ուսանողները։

Բայց եթե լավ մասնագետ ունեն, որ այդպես լավ հաշվարկել է, թե 15 րոպեն կարող է փոխել, ապա ես խիստ կասկածում եմ։

Panorama.am