ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Ինձ հարցնում էին` ինչո՞ւ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- ասաց Թաթոյանը։
Նա ներկայացրեց ընտրվելու դեպքում իրենց տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության ծրագրերը։
«Անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստան. այս հիմնարար գաղափարներն են ընկած լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Ռազմավարական հիմնական սկզբունքներն են, որ ՀՀ-ն պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով։ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի որպես ուղեցույց այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դերը տարածաշրջանում և աշխարհում։ Սեփական ժողովրդի և միջազգային հանրության համար կանխատեսելի և պատասխանատու արտաքին քաղաքականություն՝ շահերի համադրման և ոչ թե հարմարվողականության վրա հիմնված արտաքին քաղաքականություն, հավատարիմ մնալով ազգային շահերին»,- նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ իրենց ուժը կարագացնի կապը քաղաքների և գյուղերի միջև ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։ Շեշտեց, որ պետք է հրաժարվել մշտական ճգնաժամերի տրամաբանությունից։
Դավիթ Անանյանն էլ հայտարարեց, որ ՀՀ–ն այլևս չի կարող զարգանալ հին մոդելով` սպառման և ներմուծման հաշվին, ժամանակն է փոխել տնտեսական մտածողությունը, ձևավորել նոր ազգային մոդել` ստեղծարար, արտահանող և տեխնոլոգիական Հայաստան։
«Մեր նպատակը պարզ է, բայց համարձակ` Հայաստանը պետք է ապրի ոչ թե իր ներքին սպառման հաշվին, այլ իր ստեղծած արտադրանքի և գաղափարի արժևորումով` համաշխարհային շուկաներում։ Մենք աշխարհին պետք է վաճառենք ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա, արդյունք։ Սա է մեր նոր տնտեսական քաղաքականությունը»,– ասաց նա։
Նախաձեռնության անդամ Մհեր Մեհրաբյանն էլ անդրադարձավ իշխանության առաջ քաշած «իրական Հայաստան» գաղափարին։
«Ասում են՝ եկեք հրաժարվեք ազգային երազանքից ու շարժվենք պրագմատիկ։ Հարց է առաջանում՝ այդ ե՞րբ ուրիշի տարածաշրջանային երազանքը դարձրին հայկական պրագմատիզմ կամ հայկական իրատեսականություն։ Առաջ են տանում իրական Հայաստանի կաղապարը, ոչ թե գաղափարը։ Նրանք ինչ-որ մի փուլում երազել են իրական Հայաստանի մասին։ Եռաբլուր… եռագույնի անհամար ստվերներում մեր որդիներն են։ Նայեք նրանց երազկոտ աչքերին ու պրագմատիկ պատասխանեք՝ ինչո՞ւ»,- ասաց նա, որի որդին՝ Արեն Մեհրաբյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
Sputnik Արմենիա