Логотип

Արման Թաթոյան․ Ադրբեջանցիները սահմանին մոտ թաքստոցներ են կառուցել, որ հսկեն մեր գյուղերը

Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ թաքստոցներ։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ նշելով, որ դրանք մինչև 2025 թվականի հուլիսի 31–ը գոյություն չեն ունեցել։ Նա նշեց, որ խոսքը Գեղարքունիքի ուղղությամբ սահմանների մասին է։

«Մինչև օգոստոսի 19–ը նրանք կատարել են շատ խոշոր ամրաշիօնական աշխատանքներ։ Դրանք կոչվում են կապանյարներ, այսինքն հատուկ թաքստոցներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար»,–ասաց նա։

Քարտեզի վրա ցույց տալով այդ հատվածները, Թաթոյանն ասաց. « Սա նրանց ճանապարհն է, և ճանապարհի անմիջական հարևանությամբ այս թաքստոցներն են։ Ենթադրվում է, որ այս հատվածը մեքենաների համար կարող է օգտագործվել։ Ակնհայտ է, որ այս նախապատրաստությունները, որ արել են, կարող են նաև ակնհայտորեն օգտագործել հարձակողական նպատակներով։ Սրանք ուղիղ վերահսկողության տակ են պահում մեր գյուղերը»։

Անդրադառնալով Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցածին, Թաթոյանն ասաց. «Այս առաջխաղացումները, ամրաշինական, ինժեներական աշխատանքները ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում են, այլև Վայոց-Ձորում, մասնավորապես Ջերմուկի տարածքում։ Այստեղ մենք ունենք, կցուցադրենք ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, մարտական հերթապահություն կրող կոնկրետ դիրքեր, բարելավել են այն հատվածները, որտեղից իրենք կարող են ականանետեր, նռնականետեր, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներ օգտագործել։

Սա արդեն Ջերմուկն է նորից արբանյակային լուսանկարներով, և մենք տեսնում ենք, որ էլի նորից մինչև օգոստոս սրանք տեղի ունեցած նոր բարելավումներն են և վերահսկողության ընդլայնումն է ու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ։

Սրանք արված են հատուկ նպատակով Ջերմուկի անմիջական հարևանությամբ։ Սրանք կառուցվել են մինչւ օգոստոսի 4–ը, շատ արագ, հապշտապ սկզբունքով։

Բացի այդ, ևս երկու դիրք Ջերմուկի հարևանությամբ, որոնք ընդամենը սահմանից մետրեր այն կողմ են, բայց միևնույն է, այս դիրքերը ունեն մեզ համար անվտանգության լրջագույն սպառնալիքներ ու ռիսկեր։ Տրամաբանորեն ակնհայտ է դառնում, որ սա կոնկրետ նպատակներ է հետապնդում նախապատրաստվելու համար, օրինակ, հնարավոր գործողությունների, եթե ինչ-որ իրավիճակ թույլ տա։

Սա էլ մյուս դիրքն է, որը ընդամենը մեր սահմանից մի քանի մետր հեռու է, որը նորից հստակ կրակային դիրքերի համար նախատեսված, հատուկ կացարաններով, ճանապարհներով կահավորված, ամրացված է»։

News.am