Логотип

Արման Թաթոյան․ Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար

Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար, բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար: Բացատրում եմ՝ ինչպես»։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

News.am