Логотип

Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉՈՒՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Վեհափառ հայրապետի դեմ քրեական վարույթ նախաձեռնելը կամ հետապնդում հարուցելը քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է։ Այս մասին գրել է նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա հարց է բարձրացրել, թե ինչպես կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի մասին գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում։

Հայտնել էինք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Ձայնագրությունում Աղան աբեղա Երնջակյանը Նաթան սրբազանին դժգոհում էր նաև կաթողիկոսի` իր համար ընտրված ծառայության վայրից. Վեհափառը որոշել էր, որ նա պետք է ծառայի Վանաձորում։

«Այսինքն` մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հենց իրե՞նք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպեսզի իրենց հարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով։ Ստացվում է` հենց այդպես էլ կա»,–գրել է Թաթոյանը:

Ընդգծել է` այդ ինչպես ստացվեց, որ հենց իշխանական լրատվամիջոցները (ՔՊ կուսակցության պաշտոնաթերթը, վարչապետի ընտանիքին և ըստ հրապարակային մի շարք աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող լրատվամիջոցները) տարածեցին ձայնագրությունները ու դրանից հետո «շատ պատահաբար հայտնվում» են իրավապահ մարմիններն ու իշխանական պրոպագանդայի մաս կազմող ԶԼՄ-ի հրապարակումները վերցնում են ուսումնասիրության։

Թաթոյանը շեշտել է, որ վարչապետը չունի օպերատիվ-հետախուզական, քննչական կամ իրավապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնավոր կյանքի, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք, նրան այդ տվյալները հասանելի չեն: Ավելին, այդ տվյալների գաղտնիությունը պաշտպանված է հենց վարչապետից:

«Վարչապետին իրավունք չունեն փոխանցելու օպերատիվ հետախուզական, այդ թվում՝ ձայնագրությունների վերաբերյալ նյութեր։ Սրանք ՀՀ-ում գործող օրենքի, Սահմանադրության ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թե իմ կարծիքը, և դրա նպատակը քրեական հետապնդման ու օպերատիվ-հետախուզական գործունեությունը քաղաքական որևէ ու հատկապես վարչապետի ազդեցությունից պաշտպանելն է ՝ անկախ նրանից, որ (անթույլատրելի կերպով) նրա կողմից են նշանակվում»,-նշել է Թաթոյանը։

Երկրի բազում խնդիրները լուծելու փոխարեն, ըստ Թաթոյանի, հսկայական ռեսուրսներ, իրավապահ մարմինների մեծաքանակ ջանքեր ուղղվում են պետությունը թուլացնող, ազգային դիմադրողականությունը քայքայող ապօրինի արարքների վրա, որոնք վրեժխնդրություն են ու նեղ քաղաքական շահերի նպատակ ունեն` նախևառաջ պայմանավորված ադրբեջանական պահանջներով:

Նախկին ՄԻՊ–ը իշխանությունների այս գործելաոճը համարում է նվեր ադրբեջանական իշխանությանը` զավթողական ծրագրերի համար, որը վարկաբեկում է հայ ազգին աշխարհում, վիրավորում է ազգային արժեքները:

Թաթոյանը մատնանշել է` եթե եկեղեցու ներսում խնդիրներ էլ կան, ապա դրանք չպետք է լուծվեն նման տարբերակով՝ հասարակությունը կրկին տանելով բաժանման ու ատելության խորացման ճանապարհով։

Sputnik Արմենիա