Логотип

Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ԻՐԱՑՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ, կոծկում է Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն է արել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը։ Նա հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումով կազմակերպության գործունեությունն ավելի է ինտենսիվանում, և վիճակագրություն է ներկայացրել։

«Միայն այս տարի «Արևմտյան Ադրբեջանին»վերաբերող ծրագրերը կրկնապատկվել են՝ հասնելով 51–ի։ Վերջին 2 տարվա ընթացքում այդ կազմակերպության ծրագրերի շրջանակում անցկացվում է շուրջ 50 համաժողով, շնորհանդես, հանդիպում, ցուցահանդես և հանրային լսում, հրատարակվել է 25 գիրք, նկարահանվել է 11 փաստավավերագրական ֆիլմ և պատրաստվել 21 տեսահոլովակ։ Այնուհետև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարել են, որ վերադարձ դեպի «Արևմտյան Ադրբեջան» ուղղությունը լինելու է նրանց համար առաջնային, լինելու են նոր դրամաշնորհային մրցույթներ, որոնցում ներգրավելու են նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներ։ Ավելին` ասում են, որ առավելություն են տալու այն ՀԿ– ներին, որոնք արտասահմանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա ՀԿ–ներին»,– ասել է Թաթոյանը։

Նա նկատել է, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների` Ադրբեջանի Մինի մեջլիսի պատգամավորը, որը ղեկավարում է կեղծ «Արևմտյան Ադրբեջան» անվամբ հանդես եկող կազմակերպությունը, իր հայտարարությամբ շեշտել է, որ «վաշինգտոնյան համաձայնությունը» որևէ ձևով չի կարող դուրս թողնել «Արևմտյան Ադրբեջանի հարցը» միջազգային օրակարգից։ Ըստ Արման Թաթոյանի` արդբեջանցի պատգամավոր կարծում է, որ վաշինգտոնյան գործընթացը կարող է արագացնել ադրբեջանիների` ՀՀ վերադարձը։

«Այս ամենը ուսումնասիրելուց հետո ինչպե՞ս է ՔՊ–ն հայտարարում, որ Ադրբեջանի նախագահը դադարեցրել է գործունեությունն այս ուղղությամբ ու ավելին ասել, որ հլը մի հատ էլ ընդհանրապես փակել են այս կազմակերպության գործունեությունը ու պետք չէ դա ընդհանրապես բանի տեղ դնել»,– շարունակել է Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանի կարծիքով`ադրբեջանական կողմի վարքագիծը վտանգում է տարածաշրջանային կայունությունը։ Նրա խոսքով` այս մասին պետք է տեղյակ պահել նաև ԱՄՆ գործընկերներին, որ Ադրբեջան օգտագործում է նրանց հեղինակությունն իր նպակներին հասնելու համար։ Թաթոյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականությանը` ԱՄՆ գործընկերներից կոծկելով իրականությունը։

Sputnik Արմենիա