Логотип

Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել. մանրամասներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը` նշելով, որ Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Պաշտպանը նոր գործի հետ կապված մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ:

«Արման Սահակյանին հարցաքննել են ու կատարել այլ քննչական գործողություններ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- ասաց Խաչատրյանը:

Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով` գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ ազատ է արձակվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: ԶԼՄ–ների տեղեկություններով՝ նա հարցաքննության էր կանչվել նույն գործով։

Sputnik Արմենիա