Մերձավանում տեղի ունեցած սպանության ֆոնին Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հրաման է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Պողոսյանի հրամանագրում նշված է, որ Ղազարյանն ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա։
ՔԿ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվում է նույն վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հրամայում եմ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահել նույն վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Սարգսի Ղազարյանին’ մինչև հաստիքի համալրումը»,– ասված է հրամանագրում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Հավելենք, որ սեպտեմբերի 23–ին Մերձավանում տեղի ունեցած դաժան սպանության գործով որևէ կասկածյալ մինչ այս պահը չկա, նաև չկա հաստատված վարկած։
Sputnik Արմենիա