Արմավիրում սննդային թունավորմամբ բժշկական կենտրոն տեղափոխված 12 քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ հոսպիտալացված քաղաքացիները մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ՍԱՏՄ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմինը պարզել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է «Արմավիր Գարդեն» սրճարանում սնկապուր ուտելուց հետո:
Ավելի ուշ պարզվել է, որ բուժօգնության են դիմել ևս 10 քաղաքացիներ, որոնք «Արմավիր Գարդեն»-ում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա: Տեսչական մարմինը սննդամթերքից նմուշառում է արել՝ լաբորատոր փորձաքննությունների համար։
Sputnik Արմենիա