«Ադրբեջանի հետ սիրախաղի մեջ մտած Նիկոլ Փաշինյանը Ալիևին նվիրել է նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգությունը, որը ստեղծվել է հայ ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում»,- շեշտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նիկոլ Փաշինյանը վերջին 1-1,5 տարվա ընթացքում որևէ ամբիոնում, որևէ հարթակում չի բարձրաձայնել այդ ժառանգության պահպանության կարևորության մասին, նշում է Աշոտյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, 2020 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային բարձրագույն մարմին, որն զբաղվում է մշակութային ժառանգության պահպանությամբ և պաշտպանությամբ, ընդունել էր հատուկ հռչակագիր։
«Հայկական կողմը մինչև 2023-2024 թվականները այդ խնդրի հետ կապված որոշ ելույթներ և հղումներ անում էր, սակայն վերջին 1,5 տարվա ընթացքում գեթ մեկ հիշատակում այդ խնդրին չկա»,- ընդգծում է Աշոտյանը։
Օկուպացված Արցախում հայկական հետքը ամեն գնով ջնջել փորձող Ադրբեջանը այս ամենից, իհարկե, օգտվում է, իսկ թե ինչպես, բոլորիս է հայտնի, հավելում է Արմեն Աշոտյանը.
«Այսօր, երբ լրանում է Արցախյան շարժման 38-ամյակը, հիշենք նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հետ միասին Արցախում ստեղծված հայկական մշակույթը, հայկական հետքը, հայկական ժառանգությունը թողնում է Ալիևին, իսկ թե ինչպես է վարվում Ալիևը դրա հետ, բոլորս լավ գիտենք։ Այն, ինչը չի կարող յուրացնել, քանդում է, իսկ մնացածը վերագրում է «ադրբեջանական ժողովրդի» հորինված պատմությանը։
Ավելին, հայ ադրբեջանական «Խաղաղության համաձայնագրի» տեքստում չկա գեթ մեկ հիշատակում հայկական ժառանգության պաշտպանության, պահպանության մասին։
Ահա այսպես Նիկոլ Փաշինյանը վաճառում է մեզ բոլորիս, մեր պատմությունը, անցյալը, մեր արժեքները և մեր հողերը Ադրբեջանին՝ իր սիլիբիլիների շրջանակում»։
