Логотип

Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանավորածը չհաջողվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» վարչապետի մասնակցությանը։ Բադալյանը նկատեց, որ 2–րդ անգամ հավաքված մարդկանց քանակն ավելի քիչ էր։

Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ հռչակվեց տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): Իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հրաժարվեց ընդունել կաթողիկոսի որոշումն ու հոկտեմբերի 26-ին «պատարագ» հայտարարեց Հովհաննավանք եկեղեցում։ Այդ միջոցառմանը մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցում էին իր թիմակիցները` նախարարներ, պատգամավորներ, ինչպես նաև մեծ թվով ուժայիններ։ Դրան զուգահեռ նա կրկին քննադատեց Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Փաշինյանը նշեց, որ աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա Մայր աթոռում։ Փաշինյանը Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մասնակցեց նաև անցած կիրակի` նոյեմբերի 2–ին, այդ անգամ, սակայն նրան ուղեկցող մարդկանց թիվն ավելի փոքր էր։

«Չհաջողվեց, իսկ դա արդեն դառնում է օրինաչափություն։ Ըստ լրատվամիջոցների` իշխանությունը բավականին մեծ չափով վարչական ռեսուրսներ էր կիրառել, ինչպես նաև վարչապետն ունի որոշակի վարկանիշ իր ընտրազանգվածի մի խմբի շրջանում, բայց մենք տեսնում ենք` այդ երկուսի հանրագումարն անգամ չի տալիս այն արդյունքը, որն ամենայն հավանականությամբ կցանկանար իշխանությունը»,– ասաց նա։

Բադալյանի խոսքով` Հովհաննավանքում տեղի ունեցածը «եկեղեցական ծիսակատարություն չէ, այլ կեղծ պատարագ կամ հանրահավաք` հօգուտ կոնկրետ մեկ մարդու՝ վարչապետի»։ Նա հավելեց, որ նույնիսկ այդ դեպքում եկած մարդկանց թիվը շատ ավելի փոքր էր, քան վարչապետի ընտրազանգվածն է։

«Սա նշանակում է, որ Հայաստանում փողոցի գործոնը դադարել է գործոն լինելուց։ Սա ցույց տվեց երկրորդ անգամ Հովհաննավանքի այս հավաքը, ինչպես նաև ընդդիմության հանրահավաքները։ Փողոցն այլևս չի աշխատում»,– ընդգծեց Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե նախատեսում է հետագայում նաև Մայր աթոռում պատարագի մասնակցել, շեշտեց, թե Մայր աթոռ գնալու փորձը չի հաջողվի։ Ըստ Բադալյանի` Փաշինյանը պլանավորել էր գնալ Էջմիածին։

«Չի հաջողվի, որովհետև Մայր աթոռում պատարագ անելու համար կամ դեպի Մայր աթոռ շարժվելու համար պետք է շատ մեծ թվով քաղաքացիներ գնան, բայց չեն գնում էդ քաղաքացիները։ Չես կարող գնալ վեհարան ընդամենը 500 հոգով, այն էլ վարչական ռեսուրսով բերված՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, պատգամավորներ և այլն, բնական է, որ լուրջ չի ընկալվի։ Նախորդ անգամ տեղի ունեցած կեղծ պատարագը ներկայացվում էր որպես առաջին քայլ վեհարան գնալու ուղղությամբ, սակայն քանի որ մարդկանց թիվը քիչ էր, այդ նախաձեռնությունը չկայացավ»,– շարունակեց քաղտեխնոլոգը։

Նա շեշտեց` այս փուլում Նիկոլ Փաշինյանը պարտվեց եկեղեցուն, քանի որ եկեղեցիներում մատուցվող իրական պատարագներին շատ ավելի շատ մարդ է մասնակցում։

«Վեհարան գնա, ի՞նչ ասի։ Ասի` ա՛յ, վարչապետն եմ, դո՛ւրս արի, գնա՞, կաթողիկոս։ Այդպես չի լինում, այսինքն՝ որպես երկրի ղեկավար` վարչապետ, Սահմանադրությամբ նման լիազորություն չունի խառնվելու եկեղեցական գործընթացներին։ Դու կարող էիր համազգային ինչ–որ շարժում ձևավորել, այդ համազգային շարժման ձևով այդ գործողությունը փորձել իրականացնել, որ ազգի մի զգալի մասը դուրս է գալիս և պահանջում է եկեղեցու վերնախավի փոփոխություն, բայց դու էդ համազգայնությունը չես կարող ապահովել»,– մանրամասնեց նա։

Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, որ Հովհաննավանքը, որտեղ տեղի է ունեցել «պատարագը», որպես սեփականություն պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, և բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ միջոցառմանը, պետք է նկատի ունենան, որ հնարավոր իշխանափոխությունից հետո իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել ուրիշի գույքը միտումնավոր վնասելու, օգագործելու կամ այլ բանի համար։

«Տարբեր լրատվամիջոցներ բոլորի դեմքերը ֆիքսել են, և դա քննչական մարմինները հետագայում ամենայն հավանականությամբ կօգտագործեն»,– ավելացրեց Բադալյանը։

Անդրադառնալով հաջորդ կիրակի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանի` պատարագի մասնակցելու մտադրությանը՝ Բադալյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ը համարվում է «կապիտուլյացիայի օր»։ Նրա կարծիքով` Փաշինյանը փորձում է այդ օրվա իբր կրոնական արարողությունը ներկայացնել որպես ի հիշատակ նահատակների արվող ծես։

«Փոխանակ Եռաբլուր գնալու և ծաղիկներ դնելու, նա շատ զգույշ ձևով այդ արարողակարգը տանում է դեպի եկեղեցի, դեպի աղոթք։ Այսինքն՝ ոչ թե ի հիշատակ զոհվածների, այլ տանում է դեպի եկեղեցի, որպեսզի «պատարագ» մատուցվի։ Այս քայլով վարչապետը «Եռաբլուրից հարցը հանում է՝ խուսափելով այնտեղից և տեղափոխելով ուշադրությունը եկեղեցու վրա։ Հիմա իր համար այնքան էլ էական չէ՝ կոնկրետ Արագածոտնի այս կամ այն եկեղեցում լինելը` բացի Հովհաննավանքից։ Առաջին խնդիրը դա է՝ Եռաբլուրից տեղափոխվել»,– ընդգծեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանը հավելեց, որ այլ եկեղեցի գնալով` Փաշինյանը պարզապես այդ եկեղեցի եկած մարդականց կարող է ներկայացնել որպես իր աջակիցներ։ Քաղտեխնոլոգը շեշտեց, որ սա PR բավականին տարածված տեխնոլոգիաներից մեկն է:

Sputnik Արմենիա