Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ անցյալի գերի։ Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտության մասին իր հոդվածում այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նա կարծում է, որ փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում Հայաստանը պետք է իմաստային մոտեցումներ ձևավորի բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում։
«Նոր խոսակցությունը սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ»,– գրել է նա։
Միևնույն ժամանակ Գևորգյանը հիշեցնում է, որ հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտում է։
«Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների»,– գրել պատգամավորը։
Նա հավելել է, որ պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության ու ընդգծել, որ սա ոչ թե նշանակում է անցյալից հրաժարում, այլ նշանակում է հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:
