Логотип

Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին։ Եվ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։

Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը՝ փետրվարի 2-ին՝ ժամը 18:30-ին՝ դատարանի Կենտրոնի նստավայրում»,-նշել է նա։

Փաստաբանն ակնկալում էր, որ միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, սակայն նա երկրում չէ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։

Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։

Սրբազան Հոր տեսակցությունները սահմանափակված են. միայն մերձավոր ազգականների և փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։