Դատարանը որոշակի սահմանափակումներ է կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը վարչական հսկողություն է սահմանել, նաև՝ տարածքային սահմանափակում. Արշակ Սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործող վկաների հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Ինչ վերաբերում է հրապարակային հայտարարություն ունենալուն, Մելիքյանն ասաց, թե դրա վերաբերյալ որևէ բան չի տեսել դատարանի որոշման մեջ, հետևաբար նման սահմանափակում չի գործում։
«Այնպես չի, որ մենք այս որոշումից գոհ ենք, մենք առաջին պահից պնդում ենք, որ այստեղ հիմնավոր կասկած չկա։ Այն արարքը, որը նկարագրված է մեղադրանքում, և այն հոդվածը, որն այստեղ կիրառվում է, իրար հետ կապ չունեն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Aysor.am
