Ժողովրդական-քաղաքական նոր նախանշան. որքան շատ են Հայաստանում քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները, այնքան հաճախ է Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշում:
Երեկ դա հատկապես նկատելի էր։ Նա ոչ միայն աշխատանքի սլացավ հեծանվով, այլև նույն փոխադրամիջոցով գնաց նախագահի նստավայր՝ մրցանակ հանձնելու, իսկ հետո հետ սուրաց։ Ժողովրդի սրտի մեր վարչապետ…
ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՆՈՒՅՆ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, գումարած՝ Արագածոտնի մարզի հոգևորականների շուրջկալումը: Երկու դեպքում էլ առանձնակի զարմանալի ոչինչ տեղի չունեցավ, երկու «միջոցառումներն» էլ քաղաքական աստառ ունեին։ Ու քանի որ Փաշինյանը դա ամենքից լավ է հասկանում, ապա մի քիչ ամաչում էր, դրա համար էլ սովորականից երկար հեծանիվ քշեց, որպեսզի ցույց տա, թե ինչ հասարակ ու անմիջական տղա է ինքը։
Ինչ վերաբերում է անմիջականությանը: Երբեմն դա անհարմար դրության մեջ է գցում Փաշինյանին։ Է՛լ ավելի անհարմար դրության մեջ է դնում Փաշինյանի անմիջականությունն իր պատվերները կատարողներին։ Նույն Սամվել Կարապետյանի գործում ուժայինները կաշվից դուրս են գալիս վերջինիս կալանքի տակ պահելու համար, նոր հոդվածներ մեղսագրում՝ հասկանալով, որ միայն «մեր ձևով» արտահայտության վրա սարքած քրեական գործը երկար չի ձգվի…
Հայտնի բան է. մարդը լինի՝ հոդվածը կգտնվի։ Բայց ուժայինների բոլոր հնարքներն էլ անկարող են թաքցնել, որ քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, քանզի հիշում ենք Փաշինյանի հայտարարությունն այս ողջ արշավի սկզբում։ Վարչապետն այն ժամանակ ուղիղ տեքստով արտահայտվեց Կարապետյանի հասցեին, թե իբր՝ քանի որ դու, «սրիկա», համարձակվեցիր դուրս գալ իմ դեմ, ուրեմն «կզգաս պետության համը»… Քաղաքական հետապնդման առավել քան բացահայտ խոստովանություն։ Այն աստիճան բացահայտ, որ այն ժամանակվա ԱԱԾ ղեկավարը հրաժարական տվեց։
Զարմանալի չէ, որ Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգեցին, բա ոնց։ Խոսակցություններ կային, որ «Մեր ձևով» շարժման վերջին միջոցառումից հետո դրա դեմ բռնաճնշումները կուժգնանան։ Սամվել Կարապետյանի դեմ նոր հոդված հորինեցին, վարչապետի աշխատակազմը դիմեց Գլխավոր դատախազություն, կոչ անելով քննել, թե հանցակազմ չկա՞ արդյոք Նարեկ Կարապետյանի հայտարարություններում, իսկ «էլեկտրական ցանցերում» շարունակվում են զտումները։ Ամեն ինչ տրամաբանական է և բացահայտ։
ԵՎ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՄ ԷԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է: 16 հոգու սկզբում բերման են ենթարկել՝ հիմնավորելու համար, որ շնորհազրկված հերթական եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը ստիպել է քահանաներին մասնակցել 2021-ի հանրահավաքներին… Փաստաբաններն ասում են, որ գործում ներգրավված են 54 քննիչներ, նույնիսկ 2-ով ավելի, քան Սամվել Կարապետյանի գործում: Ապացույցներ գտնելու համար ձերբակալել են ծխական բոլոր հոգևորականներին, հետո շատերին ազատ են արձակել։
Պետք է ենթադրել, որ նրանք անցնելու են որպես վկաներ, և դա նոր խոսք է վկաների հետ աշխատանքի մեթոդաբանության մեջ։ Նախկինում նրանց՝ հավանական վկաներին, կարծես թե կանչում էին ծանուցագրով, իսկ այսօր բռնում ու տանում են առանց զգուշացման, որպեսզի չհասցնեն կապվել փաստաբանների հետ։
Բայց, ինչպեսև Կարապետյանի գործի պարագայում, հասկանալով, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունների» կիրառմամբ հանրահավաքներին մասնակցելու հարկադրման մեղադրանքը բավարար չէ տևական կալանավորման համար, դրան գումարեցին նաև օտար գույքի հափշտակում։ Դե, պարզապես շա՜տ են մտահոգված իշխանությունները, թե հուսալի ձեռքերում է արդյոք եկեղեցական ունեցվածքը։
Շարժառիըթ հայտնի է, և դա բնավ վարչապետի անսպասելի կրոնական վսեմ զգացմունքները չեն և ոչ էլ հիերարխների կուսակրոնության երդումը։ Այս անգամ ողջ այդ արշավի սկզբում գլխավոր քաղաքական ենթատեքստի մասին խոսեց Փաշինյանի կինը։ Դեռ մայիսին նա կշտամբեց Կաթողիկոսին Շվեյցարիայում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելու համար, որտեղ Գարեգին Բ-ն բարձրացրել էր արցախցիների վերադարձի իրավունքի, հայ պատանդների ազատ արձակման հարցերը:
Աննա Հակոբյանն այն ժամանակ սոցցանցում իր գրառման մեջ գործնականում հենց այդպես էլ հարցրեց. դու ո՞վ ես, որ այդ հարցերը բարձրացնես։ Ասել է թե՝ դա իշխանության առանձնաշնորհն է՝ բարձրացնել դրանք, թե ոչ։ Եվ քանի որ Կաթողիկոսի դիրքորոշումն ակնհայտորեն հակասում է իշխանության դիրքորոշմանը՝ սկսվե՜ց։ Փաշինյանը պահանջում է անցանկալի Կաթողիկոսի հրաժարականը։
Այնպես որ հերթական եպիսկոպոսի դեմ նոր գործը նույնպես քաղաքական դրդապատճառներ ունի։ Շանտաժել Կաթողիկոսին. Եկեղեցու և հավատքի դեմ բռնաճնշումներով ստիպել Գարեգին Բ-ին հրաժարական տալ։ Հավելենք նաև առաջիկա ընտրությունները Վաղարշապատ համայնքում:
Եվ քանի որ Փաշինյանն ամեն ինչ բոլորից լավ է հասկանում, նա հեծանիվ քշելու և պատահած անցորդներին քծնանքով ժպտալու պատճառ ունի։