Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ պլան է Փաշինյանը մերժել 2019 թվականին
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրեցԱրարատի պատկերը անձնագրային վիզայի կնիքներից հանելու իր պատճառաբանությունը՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու և այն «ճիշտ աերոդինամիկայի» վրա դնելու համար։ Ըստ Փաշինյանի՝ անձնագրի կնիքի փոփոխության նախագիծը շրջանառության մեջ է դրվել մի քանի ամիս առաջ և կապ չունի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Երևան կատարած վերջին այցի հետ։ Սխալ կլիներ ենթադրել, որ Փաշինյանը հիմա բացահայտ կասի, որ դա Անկարայի պահանջներից մեկն է։ Սակայն եկեք այլ հարց տանք մեզ. ինչպե՞ս հասանք նրան, որ քննարկում ենք նմանօրինակ հարցեր։
Դրա սկիզբը դրվեց 2018 թվականին։ 2020 թվականի Արցախյան պատերազմը և 2023 թվականի էթնիկ զտումները ամայացրին Արցախը, ինչը թույլ տվեց թշնամուն «մոտենալ մեր տներին այնքան մոտ», որ այսօր նրանք խմբագրում են Հայաստանի Սահմանադրությունը, որոշում են, թե ինչպիսին կլինի սահմանային հսկողության կնիքը Հայաստանում։ Կա՞ր հնարավորություն խուսափելու այս ամենից։ Եկեք նույնիսկ ավելի հստակեցնենք հարցը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իրական հնարավորություն ուներ խուսափելու նման սցենարից, երբ Արցախի անկումը «դոմինոյի էֆեկտով» տանում է Հայաստանի անկմանը։
Հնարավորություն կար, և այն կար 2019 թվականին։ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված էր Մինսկի խմբի համանախագահների առաջարկը։ Փաշինյանն ինքը մեկ հաստատում է այդ տեղեկությունը, մեկ հերքում, բայց Փաշինյանի խմբակցության անդամ Արման Եղոյանը օրերս պատմել է 2019 թվականի առաջարկին վերաբերող մի շարք նրբություններ։
Եղոյանի խոսքով՝ առաջարկը ենթադրում էր ԼՂՀ-ի շուրջը եղած 5 շրջանների հանձնում Բաքվին և ռուս խաղաղապահների մուտքն Արցախ։ Ընդ որում, Եղոյանը նշում է, թե իբր երաշխիքներ չկային, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, նույնիսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի դիմումից հետո, կընդուներ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու մասին որոշում, և իր դիրքորոշումը հիմնավորում է՝ հղում անելով «Մեծ Բրիտանիայի և Չինաստանի պոտենցիալ առարկություններին»։
Եղոյանի վերջին խոսքերը գործընթացների սուբյեկտիվ ընկալում են, գնահատողական դատողություններ, բայց այստեղ կարևորն այլ է. 1) Նիկոլ Փաշինյանի խմբակցության անդամը ընդունում է կարգավորման առաջարկի առկայությունը, որը 2019 թվականին դրված էր սեղանին, 2) նա ընդունում է, որ առաջարկում կային նաև Արցախի հայերի անվտանգության երաշխիքներ, 3) նա ընդունում է նաև այն փաստը, որ Արցախը պետք է/կարող էր ստանալ միջանկյալ կարգավիճակ՝ վերջնական կարգավիճակի հետաձգված որոշմամբ։ Այլ կերպ ասած՝ Արցախը կմնար հայկական բառի բոլոր իմաստներով։
Սակայն Եղոյանը խուսափում է հայտարարելուց, թե 2019 թվականի առաջարկը հակասում է Նիկոլ Փաշինյանի շահերին։ Ղարաբաղյան խնդրի լուծումը 2019 թվականի առաջարկի ձևաչափով կամրապնդեր ոչ միայն Արցախը, Արցախի պետականությունը՝ նրան տալով ավելի բարձր միջազգային կարգավիճակ, այլև կամրապնդեր ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում, ինչին առաջին հերթին դիմադրում է Թուրքիան։ Հենց այդ պատճառով էլ պետք էր հրաժարվել կարգավորման այդ տարբերակից, ձախողել բանակցությունները և ձախողել պատերազմը, բայց այդ ամենն այնպես անել, այնպիսի «տեղեկատվական ուղեկցում» ապահովել, որ հայ հասարակության մի մասի մոտ գործընթացների ընկալումն այնպիսին լիներ, թե «ամեն ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի պատճառով»։
Փաշինյանը բառի բուն իմաստով կրկնեց Վրաստանի սցենարը, երբ Միխեիլ Սաակաշվիլիի իրական ու միակ գործառույթը հանգում էր 2008 թվականի պատերազմ հրահրելուն և ՌԴ-ին վրացիների աչքերում ագրեսորի վերածելուն, ինչը տասնյակ տարիներով անհնար դարձրեց ՌԴ-ի և Թբիլիսիի համագործակցությունը։
2019 թվականի առաջարկը չէր համապատասխանում Թուրքիայի շահերին, այդ պատճառով այն մերժվեց, այդ պատճառով Արցախը դատարկ է։
Թուրքիայի շահերին չէին համապատասխանում նաև պոտենցիալ պայմանավորվածությունները, որոնք կարող էին ձեռք բերվել Քի Ուեսթում 2001 թվականին, որոնց դեմ Ադրբեջանում բոլորից շատ պայքարում էր Իլհամ Ալիևը։ Այն բանից հետո, երբ բանակցությունները Քի Ուեսթում ակնհայտ արտաքին միջամտության պատճառով ավարտվեցին առանց ցանկալի արդյունքի (բանակցությունների արդյունքը կարող էր լինել Արցախի միացումը Հայաստանին՝ Նախիջևան տանող էստակադայի դիմաց), իսկ մեկուկես-երկու տարի անց մահացավ Հեյդար Ալիևը, ում տեղը զբաղեցրեց Փաշինյանի «կիրթ ու կոնստրուկտիվ գործընկեր» Իլհամ Ալիևը։ Եվ արդեն 2018 թվականից նրանք միասին քաղաքականություն են վարում՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական տեսքը փոխելու ուղղությամբ, որի գլխավոր նպատակը ռուսական գործոնը նսեմացնելն է։
Այդ ճանապարհին արդեն ընկավ Արցախը…
Մտածե՛ք այդ մասին․․․»։