Логотип

Արցախի թեմի առաջնորդի քայլերը համաձայնեցված չեն եղել. թեմական խորհուրդն անհանգստացած է

Արցախի թեմական խորհուրդը թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել, և դրանք չեն բխել թեմի միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի թեմական խորհուրդը։

«Արցախի թեմական խորհուրդը հայտնում իր խոր անհանգստությունն ու մտահոգությունը՝ կապված վերջին օրերին հանրային մեծ հնչեղություն ստացած` Արցախի թեմակալ առաջնորդի գործելակերպի և դիրքորոշումների հետ: Բազմաթիվ արցախցիների մոտ այս քայլը առաջացրել է զայրույթ, վրդովմունք և անվստահություն, ինչը մենք լիովին հասկանալի ենք համարում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։

«Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»,–ընդգծվում է հայտարարության մեջ։

Թեմական խորհուրդը վերահաստատել է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, ավանդության և ազգային արժեհամակարգի սկզբունքով։

Շեշտվում է, որ խորհուրդը մնում է հանձնառու ժողովրդի շահերի ներկայացմանն ու եկեղեցական կարգի պահպանմանը և կարևորում է, որ ապագա քայլերն ու որոշումները կայացվեն փոխադարձ հարգանքի, համաձայնեցման և ներհամայնքային միասնականության հիման վրա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ հանդիպում է ունեցել 8 հոգևորականի հետ։ Կառավարություն էին գնացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Արցախի թեմի առաջնորդ Փաշինյանի հետ հանդիպումից 2 օր անց հայտարարեց, որ հանդիպմանը մասնակցել է որպես Մայր աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի հետ։

Նույն օրը 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ (այդ թվում` Արցախի թեմի առաջնորդը) հրաժարական տալու ուղիղ կոչ արեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Sputnik Արմենիա