Վերջերս Արցախի մշակութային գործիչների մի խումբ եղավ Իտալիայում, որտեղ մասնակություն ունեցավ «Արցախյան շաբաթ Միլանում» ծրագրում։ Չնայած անվանման մեջ նշված է միայն Միլանը, նախագիծն իրականացվեց նաև Հռոմում և դուրս եկավ մեկ քաղաքի սահմաններից։
Յոթ օրվա ընթացքում երկու քաղաքների տարբեր հարթակներից հնչեցին արցախյան բարբառը, երգն ու երաժշտությունը, իսկ այս կարևոր իրադարձության այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու արցախյան խոհանոցի լավագույն ուտեստները: Նրանց թվում էին ոչ միայն Իտալիայում բնակվող հայերն, այլև բազմաթիվ իտալացիներ: Նախագիծն ի սկզբանե նախատեսված էր հենց նրանց համար և նպատակ ուներ իտալացի լայն հանրությանը ծանոթացնել Արցախի ոչ նյութական ժառանգությանն, այս հինավուրց հայոց հողի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև նրա ճակատագրին:
ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Հայաստանում գործող Հադրութի «Դիզակ Արտ» մշակութային-հասարակական կենտրոնը և Իտալիայի «ՍԻՐԵՀ» հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության, պահպանման և հարստացման կենտրոնը։ Ինչպես «Գոլոս Արմենիի» թերթի թղթակցին պատմեց «Դիզակ Արտ»-ի համահիմնադիր Երազիկ Հայրյանն, Իտալիայում նմանատիպ միջոցառում անցկացնելու գաղափարը ծնվեց մի քանի տարի առաջ, երբ նա Երևանի «Tumanyan’s Art» սոցիալական սրճարանում անցկացվող «Մեր համը» վարպետաց դասի ավարտական ցուցահանդեսին հանդիպեց մեր ազգակից, իտալացի ճարտարապետ, SIREH կենտրոնի հիմնադիր և ղեկավար Գայանե Կազնատիին: Ընկերական զրույցը վերածվեց գործնականի, նրանք սկսեցին համագործակցության ուղիներ փնտրել և որոշվեց մշակել նախագիծ, որը թույլ կտա Հայաստանից դուրս հանել Արցախի ոչ նյութական մշակույթի պահպանման խնդիրը։

«Մենք համագործակցություն հաստատեցինք, սկսեցինք քննարկել նախագծի տեսլականն, ապա մշակեցինք ծրագրի ձևաչափն ու բովանդակությունը։ Հաջորդ քայլը մասնակիցներ գտնելն էր։ Քանի որ ես և Գայանեն հասկանում էինք, որ ազգային խոհանոցը հետաքրքիր է բոլորին, հատկապես այլ ազգությունների ներկայացուցիչներին, որոշեցինք այն դարձնել ծրագրի կորիզը՝ համեմելով մշակութային մասով։ Մենք համախմբեցինք մեր շուրջ արցախցի տարբեր մասնագետների։ Հավաքվեց փոքր խումբ, որի կազմում էին մարդիկ, որոնք պատերազմից և հայրենազրկումից հետո չէին հանձնվել, այլ շարունակում էին իրենց աշխատանքն՝ աշխարհին Արցախը ներկայացնելու և նրա ոչ նյութական ժառանգությունը պահպանելու համար, և մենք ուղևորվեցինք Իտալիա»։
«Արցախյան շաբաթը Միլանում» տեղի ունեցավ հունվարի 23-ից 29-ը, պատվիրակության կազմում էին Երազիկ Հայրյանը, երգչուհի, ազգային պարերի մասնագետ, «Դիզակ Արտ» կենտրոնի վոկալի դասատու Անուշ Ստեփանյանը, նույն կենտրոնի «Դիզակ Ֆոլկ բենդ»-ի երաժիշտ Գագիկ Ադամյանը, Kro Bakery բրենդի հիմնադիր Զիտա Ավագիմյանը, խոհարար Էլմիրա Բաղդասարյանը։ Ծրագիրը շատ հագեցած էր, համատեղում էր ընթրիքներ և արցախյան ինքնատիպ խոհանոցի հիմնական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։ Այդ ամենն ուղեկցվում էր երաժշտական ծրագրով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց, մասնավորապես իտալացիների մոտ։
«Ծրագրի շրջանակում մեր մասնագետները ներկայացրել են արցախյան բազմահամ խոհանոցը, կազմակերպել են տարբեր ուտեստների բաց դասեր իտալացիների համար, այդ թվում Արցախի այցեքարտ դարձած՝ ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դասեր, – պատմեց Երազիկ Հայրյանը։ – Ամեն ինչ անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում։ Իտալացիները ոչ միայն ուշադիր հետևում էին մեր խոհարարների աշխատանքին, այլև օգնում էին նրանց՝ քայլ առ քայլ զգալով Արցախի «համը»։ Հռոմում և Միլանում վարպետաց դասերից հետո կազմակերպվեցին ընթրիքներ, որոնց ընթացքում Անուշ Ստեփանյանն ու Գագիկ Ադամյանը հյուրերի համար կատարեցին արցախյան երգեր և մեղեդիներ։ Արցախի «համը» մենք որոշեցինք ընդգծել «Կատարո» գինով, որն արտադրվում էր Հադրութում, մինչև հայաթափում ամենահայտնին էր թե Արցախում, թե նրա սահմաններից դուրս և որի արտադրությունը 2020 թվականի Հադրութի բռնազավթումից հետո շարունակվեց Հայաստանում»։
ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԷՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ, այն հայտնագործություն էր իտալացիների հանար, որոնք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Արցախի հայերի ոչ նյութական ժառանգության այս հատվածի վերաբերյալ։ Արցախյան երգերի և պարերի բաց դասերին մասնակցեցին նաև իտալացի երեխաները։ Չի բացառվում, որ հետագայում նրանց համար նման դասեր կազմակերպվեն օնլայն ձևաչափով։ Ներկայացվեցին նաև «Դիզակ արտ»-ի գործունեությունն, արցախցիների այսօրվա վիճակն, Արցախի պատմությունը, պատերազմներն ու վերջին ողբերգական իրադարձությունները։ Հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու տեսանյութեր Արցախի վտանգված պատմամշակութային կոթողներն ու «Դիզակ արտ»-ի բազմակողմանի աշխատանքի մասին։ Բոլոր ծրագրերն անց են կացվել Միլանի «Հայկական տանը»՝ Casa Armena-ում։

Ծրագրի շրջանակում արցախցի պատվիրակները այցելեցին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք և Սալայի Սուրբ Պետրոս եկեղեցիները, որտեղ մասնակցեցին Պատարագների ու ներկայացրեցին Արցախի երգն ու պարային արվեստը։
«Իտալիայում մարդիկ գրեթե տեղեկացված չեն Հայաստանի, առավել ևս Արցախի մասին, շատերը անգամ չգիտեն, որտեղ են դրանք գտնվում, և ինձ համար կարևոր էր նպաստել այս ծրագրին, որպեսզի հայոց պատմությունն ու մշակույթը ճանաչելի դառնա իտալական հանրությունում։ «Արցախյան շաբաթը Միլանում» ապացուցեց, որ մեր մտահաղացումը ճիշտ էր, արդի և անհրաժեշտ, քանի որ այն մեծ արձագանք ունեցավ։ Իտալացիները սիրով մասնակցեցին ծրագիրին, բացահայտելով հայկական ոչ նյութական ժառանգության բազմազանությունը, – ասաց օնլայն հարցազրույցում Գայանե Կազնատին։ – Նրանք շատ տպավորվեցին նաև ծրագրի բարձր մակարդակով, ուտեստների, վարպետաց դասերի, երգերի, պարերի, արցախցիների թե մարդկային, թե մասնագիտական որակով։ Անուշի ձայնը, ինչպես և հայկական երաժշտական արվեստի ինքնատիպությունը զարմացրեցին բոլորին։ Հունվարի 29-ի վարպետաց դասին մասնակցում էին մոտ 10 տարեկան հարյուր երեխաներ։ Պարզ է, որ նրանք աղմկում էին, անընդմեջ վազվզում, բայց երբ Անուշը սկսեց հայերեն երգել «Հայր մեր»-ը, բոլորը լռեցին ու ապշած նրան էին լսում»։
Գայանե Կազնատիի խոսքով, բոլոր յոթ օրերն անցան սիրո ու ջերմության մթնոլորտում, իտալացիները հիանալի տպավորություններ ստացան։ Չի բացառվում, որ ծրագիրն ունենա շարունակություն, քանի որ SIREH-ը հիմնադրամ է, որը ստեղծվել է իբրև Հայկական մշակույթի ուսումնասիրության և փաստաթղթավորման կենտրոնի (Centro Studi e Documentazione della Cultura Armena) դուստր կազմակերպություն։ Այն նպատակ ունի արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, խթանել ակտիվ և կառուցողական մասնակցությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման և հարստացման գործում, ինչպես նաև ամրապնդել ազգային ինքնությունը։
«Մենք ստեղծել ենք համագործակցության լայն ցանց, – ասաց Գայանե Կազնատին։ – SIREH-ը հիմնադրվել է Armenian Society of Fellows կազմակերպության հետ համատեղ, այն իր հերթին միավորում է 364 մասնագետների, ովքեր ցանկանում են օգնել Հայաստանին տարբեր ոլորտներում: SIREH-ը ընդգրկվել է նաև մեկ այլ ցանցի՝ European Heritage Hub-ի կազմում: Սա Եվրամիության ծրագիր է, որի նպատակն է կապել քաղաքացիական հասարակութունը տարբեր ՀԿ-ների հետ: Կազմակերպության գրասենյակը գտնվում է Բրյուսելում, այն միտված է օրենքների միջոցով միավորել եվրոպական մշակութային ժառանգության շահագրգիռ կողմերին թվային, բնապահպանական և սոցիալական վերափոխման գործում»։
Գայանե Կազնատին շեշտեց, որ այս պահին SIREH-ը քարտեզագրում է «Դիզակ արտ»-ի նման բոլոր կազմակերպություններն աջակցելու նպատակով, ինչը կօգնի աշխարհում դրանց ճանաչելիության բարձրացմանը և տարբեր նախագծերի իրականացմանը։
«SIREH-ը փոքր կազմակերպություն է, բայց մենք անում ենք ամեն ինչ մեր հզորացման համար։ Հետագայում մենք նախատեսում ենք Հայաստանից ու Արցախից մասնագետներ հրավիրել Եվրոպա և, հակառակը՝ եվրոպացի մասնագետների բերել Հայաստան՝ մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու նպատակով, – հավելեց Գայանե Կազնատին։ – Եվ այդ իմաստով «Արցախյան շաբաթ Միլանում» ծրագիրը շատ լավ փորձ էր մեզ համար»։
