Логотип

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ ՀԱՋՈՐԴԵՑ ՍՅՈՒՆԻՔԸ, ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱԼԱԾՈՒՄԸ

Գեներալ Մանվելի կալանավորումից անմիջապես հետո «Գոլոս»-ը զգուշացրեց, որ լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարի նկատմամբ ռեժիմի ոտնձգությունը Արցախի հանձնման ծրագրի բաղկացուցիչ մասն է: «Զինվորի փայը գողանալու» շինծու գործին հաջորդեց Հաղթանակի մյուս գեներալների հետապնդումը։ Հալածանքը հանգեցրեց նրան, որ փորձառու հրամանատարներին թույլ չտվեցին մասնակցել 44-օրյա պատերազմին, ինչի արդյունքում Փաշինյանը կատարեց 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևին տված խոստումը։ «Վերելակային դիվանագիտության» արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումներն առաջ շարժվեցին Նախիջևանի սահմանին հարակից հատվածում։ Այս մասին տեղեկացրել ենք մեր լսարանին՝ վկայակոչելով գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանին։

ԱԼԻԵՎԸ ՎԵՐԵԼԱԿՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, փոխարենը պահանջել էր մոտեցնել քվեարկության օրը: Դուշանբեում կայացած ԱՊՀ համաժողովից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունները կայանալու են դեկտեմբերին, թեև մինչ այդ ընդդիմադիր կուսակցություններին խոստացել էր, որ ժամանակ կունենան հիմնավոր նախապատրաստվելու համար: Առանձին զրույցներում խոսվել էր 2019թ. ամառվա մասին: Ալիևի կամքով առաջին արտահերթ ընտրությունները տեղի ունեցան 2018թ. դեկտեմբերի 9-ին:

Նախքան 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները Փաշինյանը պարծենում էր, որ 2021թ.մայիսի 12-ին Սյունիք ներխուժած, իսկ հետո հայկական ինքնիշխան տարածքում բնակռած զավթիչները չեն կրակում։ Վերջերս Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ համաժողովի նույն ձևաչափով հանդիպեց Ալիևի հետ։ Հարց. ինչի՞ մասին են պայմանավորվել այս անգամ: Ներկայումս ողջ իշխող վերնաշերտը պարծենում է, թե սահմանային գնդակոծությունները դադարեցվել են՝ կապված օգոստոսի 8-ին Թրամփի մասնակցությամբ Ալիևի հետ ստորագրած (նախնական) համաձայնագրի հետ: Ինչո՞վ ենք այս անգամ վճարելու սահմանային մորատորիումի համար, որը, երկրորդ նախագահի դիպուկ բնորոշմամբ, կախված է մեկ անձի կամքից, քանզի Վաշինգտոնում ստորագրված թուղթը ոչինչ չի պարտավորեցնում Ալիևին։

Ալիևը չի կրակի մինչև 2026թ.հունիսի 7-ը: Նրա շահերից չի բխում խանգարել Փաշինյանին, որը ձգտում է նստած մնալ վարչապետի աթոռին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Արտատարածքային միջանցքն Ալիևին արդեն խոստացված է, ուստի նա չի խանգարի ՔՊ-ին մեծամասնություն նվաճել նոր խորհրդարանում, չէ որ իշխող վերնաշերտի պարագլուխը կատարում է իր բոլոր պահանջները՝ նոր Սահմանադրության նախագծից մինչև հրաժարում ազգային խորհրդանշաններից՝ ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ լեռան տեսքով։ Փաշինյանի հռչակած Չորրորդ Հանրապետությունը կունենա այլ զինանշան։ Սյունիքով միջանցք տրամադրելու համատեքստում Հաղթանակի գեներալների հետապնդումը տեղը զիջեց քահանաների, արքեպիսկոպոսների և Կաթողիկոսի նկատմամբ բռնաճնշումներին։

Փաշինյանը չկարողացավ առաջին իսկ փորձից վտարել Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ուստի գնաց շրջանցիկ ճանապարհով։ Սուրբ Մարիամ եկեղեցում մանրախնդիր խուզարկությունը հիշողության մեջ թարմացրեց Փաշինյանի կողմից եկեղեցիների համեմատումը «չուլան»-ների հետ։ Մնում է հասկանալ, թե ինչ էին փնտրում այդ «չուլան»-ում ԱԱԾ աշխատակիցները։

Հոկտեմբերի 15-ի խուզարկություններն ու ձերբակալությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը չի բավարարվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի դատավճռով (2 տարվա ազատազրկում), Տավուշի թեմը ներկայացնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորմամբ: Այժմ բանը հասել է Արագածոտնի թեմին՝ հանձին Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, որն արդեն կալանավորվել է ընդդիմության ակցիաներին մասնակցել հարկադրելու և 2021թ. ընտրություններում եկեղեցու սպասավորների կամարտահայտության վրա ազդելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործելու մեղադրանքով: Հիշյալ իրադարձությունների լույսի ներքո այս կալանավորումը կարելի է վերագրել Կաթողիկոսի հետ հաշվեհարդար տեսնելու Փաշինյանի փորձին, քանզի եպիսկոպոսը Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ ԶԼՄ-ներում արդեն կանխատեսումներ են հայտնվել, որ հաջորդ բռնաճնշումները կվերաբերեն Սյունիքի թեմին, քանի որ հենց այնտեղ է ծառայում Տեր հայրը, որը չպատասխանեց Փաշինյանի ձեռքսեղմմանը։

Այս օրերին տիրաժավորում են հոգևորականների զրույցի ձայնագրության հետ կապված պատմությունը, որը վարկաբեկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այդ առիթով հայտարարեց, թե առանձնազրույցի գաղտնալսման օրինականությունը կապ չունի դրա բովանդակության հետ, իսկ բովանդակությունը վկայում է, որ Գարեգին Բ-ն պարտավորեցրել է զրուցակիցներից մեկին ընտանիքով մասնակցել Փաշինյանի դեմ հանրահավաքին:

Եթե գեներալների հետապնդումը և բանակի վրա հետագա հարձակումները նպատակ ունեին թուլացնել մարտական ոգին և ապահովել տարածքների հանձնումը, ապա Եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքն ուղիղ հարված է ազգային ինքնությանը: Հիմքում նույն զառանցանքն է, ինչ «զինվորի փայը գողանալու» դեպքում, բայց հիմա դա կոչվում է «քաղաքական ակցիաներին մասնակցելու հարկադրանք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Հովհաննավանք եկեղեցու սպասավոր տեր Արամը հայտարարություն արեց, թե ընդդիմության հանրահավաքներին մասնակցել է վերևից պարտադրանքով։ Այլ կերպ ասած, նա մատնացույց արեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը տեր Արամի դիմումի հիման վրա հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին: Ավելի վաղ Իոաննիսյանը համանման հաղորդում էր ներկայացրել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ: Հարց. Իոաննիսյանի «ականջը չե՞ն ընկել» այլ հանցագործություններ, որոնց մասին խոսել են քաղաքական ու հասարակական գործիչները հայտնի հեռուստաալիքների ստուդիաներում:

ՀԱՐՑԸ, ՍԱԿԱՅՆ, ԶՈՒՏ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ Է, քանի որ մեր երկրում բոլորին ու յուրաքանչյուրին հայտնի է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը սպասարկում է ռեժիմի շահերը, այդ թվում՝ ՀՀ Անկախության հռչակագրին հղման բացառումով նոր Սահմանադրության նախագիծ ստեղծելու գործում։ Վերջին օրերի իրադարձությունները հիշեցնում էին տաճարների բոլշևիկյան ջարդերը, լոկ այն տարբերությամբ, որ քահանաներին ոչ թե գնդակահարեցին, այլ բերման ենթարկեցին, հարցաքննեցին և ձերբակալեցին։ Այսպիսին էր վարժանքը գլխավոր գործողությունից՝ Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնից վտարելուց առաջ:

Փաշինյանը հանձնեց Արցախը, հայկական տարածք բերեց զավթիչներին, ծանակեց զոհված հերոսների մայրերին, հայտարարեց,թե Արարատը «մեր սարը չէ», դպրոցական դասագրքերից հանեց Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը և… հանկարծ տապալեց հեծելազորային արշավանքը դեպի Սուրբ Էջմիածին։ 2018 թվականից ի վեր առաջին անգամ նա ստիպված եղավ նահանջել: Ժողովուրդն ընդդիմացավ ուժայինների գործողություններին երկրի գլխավոր եկեղեցական համալիրի տարածքում, որից հետո իշխող վերնաշերտի պարագլուխը որոշեց այլ ճանապարհով գնալ։

Խուզարկություններին, բերման ենթարկումներին և ձերբակալություններին նախորդել էր Ադրբեջանի մահմեդականների առաջնորդ Ռաշիզադեի այն հայտարարությունը, որ Հայ եկեղեցին աջակցում է ռևանշիստներին: Այդ հայտարարությունից հետո Փաշինյանը չէր կարող ձեռնպահ մնալ հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներից, քանի որ դա կհակասեր Բաքվի և Անկարայի հրահանգների կատարման ռեժիմի գլխավոր ուղեգծին։ Երբ երկրորդ նախագահին հարցրեցին, թե ինչ նպատակ են հետապնդում ռեժիմի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, նա խորհուրդ տվեց ամեն ինչին նայել Ալիևի և Էրդողանի աչքերով։ Ռաշիզադեի աչքերով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ բռնաճնշումները բոլորովին էլ վատ չեն դիտվում, իսկ Կաթողիկոսի ներգրավումը հոգևորականներին քաղաքական գործունեության հարկադրելու քրեական գործում Եկեղեցու ավերման գագաթնակետն է…

7 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐ ՈՒ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՆԵՐ: Փաշինյանը հանձնում է երկիրը, ուտիլացնում այն, երկրի երեսից ջնջում պետականության բոլոր նշանները՝ ինքնիշխան տարածքից մինչև Հավատք և Եկեղեցի։

Արցախի ազատագրման և պաշտպանության համար մղված պատերազմներում հաղթանակ կերտած գեներալների հալածման շրջանում ՔՊ վերնաշերտը թլսորում էր քաղաքացիների գլուխը, թե իբր՝ իշխանությունը հետապնդում է գեներալներին, այլ ոչ թե բանակին։ Հանձնելով Կիրանցը՝ համոզում էին ժողովրդին, թե խոսքը սահմանազատման գործընթացի մասին է, այլ ոչ թե Տավուշում ամենահզոր սահմանային ամրաշրջանը քանդելու։ 2024 թվականի մայիսի 24-ին մարտական ռազմավարական դիրքերը լքեց 3-րդ բանակային կորպուսը, ահա և ողջ սահմանազատումը: Հիմա ասում են, թե հալածում են ոչ թե Եկեղեցուն, այլ Կաթողիկոսին ու առանձին ոչ առաքինի արքեպիսկոպոսների։ Փաշինյանն այն աստիճան է լկտիացել, որ հոկտեմբերի 16-ին ստեց լրագրողներին, թե եկեղեցում խուզարկության և քահանաներին բերման ենթարկելու մասին իմացել է ԶԼՄ-ներից։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանում հալածում են Հավատքն ու Եկեղեցուն։ Նախկին Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող թուրքական վիլայեթում թույլ կտան բնակվել միայն նրանց, ովքեր հեշտությամբ ուրանում են, ընդ որում՝ ոմանք մեր աչքի առաջ ուրանում են այնքան հեշտորեն, ասես չեն հասկանում, թե ինչ են անում, ինչպես որ տեր Արամը չնկատեց Հուդայի իր վերածվելը Հանրային հեռուստաընկերության եթերում…

Հոկտեմբերի 15-ին Հայոց պետականության կործանման գործընթացը մտավ բացահայտ փուլ։ Երկրի մասշտաբով Եկեղեցու հալածանքը՝ թեմ առ թեմ, Արցախի ցեղասպանության, ՀՀ 240 քառ. կմ տարածքի բռնազավթման և Սյունիքում արտատարածքային միջանցքի հանձնման շարունակությունն է: Հայաստանի և Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների օրոք շատ է խոսվել այն մասին, թե ինչ կլինի, եթե հայերին չհաջողվի պահել Արցախը։ Ասում էին, որ այդ դեպքում կփլուզվեն (կբացվեն) Սյունիքի դարպասները։ Բոլորն ասում էին, որ Արցախի անկմանը կհաջորդի Սյունիքի հանձնումը։ Այն ժամանակ ոչ ոք չկարողացավ ավելի հեռուն նայել և փնտրել այն հարցի պատասխանը, թե իսկ ի՞նչ կհաջորդիՍյունիքի հանձնմանը։ Այսօր կյանքն ինքն է թելադրում պատասխանը. Սյունիքի հանձնմանը հաջորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ջախջախումը, ընդ որում՝ իրական ժամանակի ռեժիմով և Ադրբեջանի հրահանգով…