Логотип

Արցախի նախկին արտգործնախարար․ Թուրքիայում Հայաստանն ընկալում են որպես վտանգ

Ավանդաբար Թուրքիայի ժողովուրդը շարունակում է Հայաստանն ընկալել որպես վտանգ։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այսպես ասած վտանգ ներկայացնող երկրների եռյակում է՝ ԱՄՆ-ից և Իսրայելից հետո։

Միրզոյանը նշեց՝ այս հարցում մեծ դեր ունեն և՛ Թուրքիայում տարիներ շարունակ վարվող պետական քարոզչությունը, և՛ Ադրբեջանը։

«Տարօրինակ կարող է հնչել, բայց քարոզչության նպատակով Ադրբեջանը Թուրքիայում ծախսում է ավելի շատ գումար, քան այլ երկրներում»,- նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ Կարեն Միրզոյանն ասաց` վաղուց հասունացել է ժամանակը` ունենալու հստակ և մշակված քաղաքական հայեցակարգ, թե որն է լինելու Հայաստանի առաքելությունը, դերակատարությունը Մերձավոր Արևելքում և տարբեր երկրների հետ հարաբերություններում։

«Արտաքին քաղաքականությունը չի կարող մասնատված լինել, պետք է լինի միասնական․ դու չես կարող մի տարածաշրջանում վարել քաղաքականություն, որը հիմնված կլինի ինչ-ինչ սկզբունքների վրա, մեկ այլ տարածաշրջանում՝ բոլորովին այլ սկզբունքների։ Պետք է ունենաս միասնական արտաքին քաղաքականություն, որն ունենում է իր դրսևորումները՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկութունները»,- նշեց Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի խնդիրն այսօր նաև այն է, որ մեր վարած արտաքին քաղաքականությունն ի վերջո դառնա հասկանալի աշխարհի համար ու լինի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը սպասարկող։

Հավելեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարելիս պետք է լինել ոչ թե ռուսամետ, արևմտամետ, կամ այլամետ, այլ հայամետ։