Логотип

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների հերթական «դատական նիստն» է եղել Բաքվում

Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։

Այսօրվա «լսումների» ժամանակ ներկայացվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հին հարցազրույցների և ելույթների վրա հիմնված ձայնագրություններ: Մեղադրող կողմը այս հայտարարությունները համարում է «ժողովուրդների միջև ազգամիջյան, էթնիկական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ պայքարելու, պատերազմի և ահաբեկչության կոչ անելու հիմք»:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը և Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել նախորդ հարցազրույցների կամ առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։

Ավելին, Իշխանյանը պահանջել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակի շտաբի պետի տեղակալ Կամո Վարդանյանի կողմից ստորագրված գաղտնի փաստաթղթի պատճենը, հաղորդում են ադրբեջանակն ԶԼՄ–ները։

Բաքվում հայ գերիների գործով «դատական լսումները» կշարունակվեն հոկտեմբերի 20-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա