Логотип

Արցախցիների համար պետական ծրագրերը նվազում են, Սամվել Կարապետյանինը՝ շարունակվում․ «Մեր ձևով» շարժման անդամ

«Մեր ձևով» շարժման արտաքին քաղաքական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամ Արեգա Հովսեփյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրներին։

Նա նշել է, որ արցախցիներն ամենօրյա ռեժիմով սուր սոցիալական հարցերի են բախվում, ինչի հետևանքով երկրորդ պլան է մղվում նրանց իրավունքների հարցը։

«Ամբողջ օրն արցախցիները բախում են այս կամ այն պետական հաստատության դռները, որպեսզի կարողանան վերականգնել իրենց փաստաթղթերը։ Այսօր էլ արցախցիների հիմնական խնդիրները կապված են փաստաթղթերի հետ»,- ասել է Հովսեփյանը։

Նա պատմել է արցախցիների համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ձեռնարկած ծրագրերի մասին, որոնց միջոցով լուծվել են նրանց բնակարանային և զբաղվածության հարցերը։ Հովսեփյանի խոսքով՝ Տաշիրում բնակվում է շուրջ 2000 արցախցի, ովքեր բռնագաղթից հետո հաստատվել են այնտեղ, և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լիովին հոգում է նրանց կացությունը, սնունդը, հագուստը, կոմունալ ծախսերը։

«Գտնվելով կալանավայրում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի այս նախաձեռնությունը շարունակվում է այն դեպքում, երբ պետության ծրագրերը գնալով նվազում ու դադարեցվում են»,- հիշեցրել է նա։

Հովսեփյանը խոսել է նաև Հայաստանից արցախցիների մի մասի հեռանալու մասին և բացատրել, թե ինչու են նրանք հրաժարվում ՀՀ-ում անձնագիր ստանալ։

«Ցավոք, պետք է նշեմ, որ դեկտեմբերից հետո է՛լ ավելի է մեծանալու հեռացողների թիվը, քանի որ դեկտեմբերին բոլոր աջակցությունները դադարեցվելու են։ Սա մեծ տագնապ է առաջացնում արցախցիների մոտ, որովհետև թեկուզ այն չնչին աջակցությունը, որ տրվում է, մարդիկ փորձում են օգտագործել իրենց կեցավայրի, բնակվարձի համար, իսկ իրենց աշխատավարձով՝ առօրյա հոգսերը հոգալ»,- ասել է նա։

Նա չի բացառել, որ ընտրությունների նախօրյակին կարող են որոշակի փոփոխություններ արվել այս ծրագրերում՝ արցախցիներին սիրաշահելու համար։

Հովսեփյանը նաև անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցը հետևողականորեն փակելու քաղաքականությանը։ Նա շեշտել է, որ Արցախի հարցը բաց է, քանի դեռ արցախցիները բնակվում են Հայաստանում՝ հավաքական կերպով իրենց ձայնը բարձրացնելով։