Логотип

Արցախ Միությունը ձևավորել է արցախյան բիզնեսների տեղեկատվական շտեմարան

Արցախ Միությունը, Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ, ձևավորել է արցախյան տեղահանված ձեռներեցների տեղեկատվական շտեմարան։ Ծրագրի նպատակն է, բացի բիզնես կարողությունների զարգացումից, բարձրացնել արցախյան բիզնեսների տեսանելիությունը և նպաստել նրանց տնտեսական զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում, որպես լրացուցիչ գործնական աջակցություն՝ հունվարի 18-ին կայացած «Մենք կանք» կրթամշակութային միջոցառման շրջանակում Արցախ Միությունը ֆինանսավորել է իր շահառու 7 փոքր ձեռնարկությունների մասնակցությունը։ Տրամադրված տաղավարների շնորհիվ ձեռներեցները հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց արտադրանքներն ու հաստատելու նոր գործարար կապեր։

Մասնակից ձեռներեց Սրբուհի Վանյանը, կարևորելով նման հարթակների դերը, նշել է. «Մեզ՝ փոքր արտադրողներիս համար, սա սեփական արտադրանքը գնորդին հասցնելու հրաշալի առիթ էր։ Շատ նորաստեղծ բիզնեսների համար նման ցուցահանդեսները հաճախ հասանելի չեն բարձր վարձավճարների պատճառով։ Անվճար տաղավարի տրամադրումը հնարավորություն տվեց ոչ միայն վաստակել, այլև գտնել նոր գործընկերներ և վերլուծել զարգացման հեռանկարները»։

Ձևավորվող համապարփակ շտեմարանը դառնալու է հիմնական հարթակը, որի միջոցով արցախցի ձեռներեցները պարբերաբար տեղեկություններ կստանան՝

Դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերի մասին.

Մասնագիտական վերապատրաստումների և դասընթացների հնարավորությունների վերաբերյալ.

Տեղական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցության հրավերների մասին:

News.am