Հայ առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ անվերապահ աջակցություն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման և ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի»,- նշված է տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ, նրանք անհանդուրժելի և դատապարտելի են համարում Սուրբ պատարագի ընթացքում վեհափառի անվան զեղչումը, որը, ըստ նրանց, եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
Նրանք համոզմունք են հայտնել, որ եպիսկոպոսների միասնության և համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ եկեղեցու։
Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ։
Ավելի ուշ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, նշելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է։
«Կաթողիկոսական հանգամանքին առնչվող ցանկացած հարց կարող է քննվել միայն այն մարմինների կողմից, որոնք սահմանված են մեր եկեղեցական օրենքներով, և միայն այն ընթացակարգով, որը մեզ փոխանցված է սուրբ ավանդությամբ»,- նշել է նա։
Sputnik Արմենիա
