Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից իրենց տարածքի ռմբակոծությունների: Այս մասին հայտարարել է «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչ Վահիդուլլա Մոհամմադին:
«Աֆղանստանի կառավարական ուժերի պատասխան գրոհները պակիստանյան ուժերի դեմ երկրի արևելյան Նանգարհար և Կունար նահանգներում սկսվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Այս պահի դրությամբ հակառակորդի երեք հենակետ արդեն գրավված է»,-հայտնել է նա RTA ազգային հեռուստաալիքին:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի տվյալներով՝ գործողությունը սկսվել է մի քանի ուղղություններով՝ Խոսթ, Փաքթիա, Նուրիստան նահանգներում և մի շարք այլ շրջաններում:
Փետրվարի 22–ի երեկոյան Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Բացի այդ, Աֆղանստանի կրթության նախարարության տվյալներով, ավերվել է մի մեդրեսե, որի փլատակներում զոհվել է հինգ աշակերտ՝ երեք տղա և երկու աղջիկ: Պակիստանցի զինվորականները օդային հարձակումն իրականացրել էին ամբողջ աշխարհի մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա օրերին:
Sputnik Արմենիա
